Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 25-ի արտահերթ նիստում արձանագրել էր, որ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախընտրական քարոզչության ընթացքում խախտումներ են թույլ տրվել: Սեդրակյանի՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ անվճար հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում, փակցված «Վերեւում Աստված կա» պաստառների վրա նշված չեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության, տպաքանակի վերաբերյալ տեղեկությունները: Ինչի հետ կապված, ԿԸՀ-ն նախագահի թեկնածուին 3 օր ժամանակ էր տվել՝ խախտումները վերացնելու համար:
Aravot.am-ը զրուցեց էպոսագետ թեկնածուի հետ՝ պարզելու համար, հասցրե՞լ է շտկել իր սխալները:
– Այդ հարցով զանգեք ԿԸՀ, որոշումը հրապարակվել է, ժամանակ է տրվել մինչեւ ամսի 30-ը:
– Կհասցնե՞ք փոխել ձեր պաստառները:
Կարդացեք նաև
– Եթե չհասցնեմ, ինձ կհանեն ընտրարշավից, դուք էլ ձեզ լավ կզգաք, առանց աշխատանքի կմնաք, ձեր թեկնածուն արդեն չի լինի: Դե՜ առաջ Աստված, տեսնենք…
– Մինչ այդ չգիտեի՞ք, որ խախտում եք արել:
– Մինչ այդ ԿԸՀ չկար, ո՞րտեղից իմանայի:
– Բայց տեղյակ չէի՞ք, թե ինչպիսին պետք է լինի պաստառը:
– Իհարկե տեղյակ էի…
– Իսկ ինչո՞ւ պատվիրատուի անունը գրված չէր:
– Ուզում էի ստուգել, թե որքան աչալուրջ է աշխատում մեր ԿԸՀ-ն, նկատում է արդյոք անարդարությունները, օրենքի խախտումները:
– Ձեր պաստառները ամառվանից են փակցված փողոցներում, բայց խախտումը նոր է նկատվել:
– Դե ամռանը ԿԸՀ-ն ինչ պիտի աներ: Քաղաքապետարանից զանգեցին զգուշացրեցին, որ աղտոտում եմ Երեւանը, եւ երկու տարբերակ կա, կամ ես մարդ եմ տրամադրում, որ դրանք մաքրեն, կամ իրենք են մաքրում եւ ես տուգանվում եմ 100 հազար դրամով: Ես տուգանվեցի ու կյանքը ցույց տվեց, որ ոչ մեկն էլ դա չմաքրեց: Հիմա ԿԸՀ-ն երկրորդ, թե երրորդ կետով դիմելու է քաղաքապետարանին, միջոցառումներ ձեռնարկելու, ես էլ կասեմ՝ ընկեր քաղաքապետարան ջան, քո տուգանքը վճարել եմ, կմաքրես, թե չէ, ես մեղավոր չեմ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ