Քրեական գործի մասին կխոսի նաև Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ իրականացրած ֆինանսների նախարարությունը
Այս մասին լրագրողներին անձամբ տեղեկացրեց Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Կոնկրետ անուն-ազգանուն չնշելով` նա ասաց, որ քրեական գործը հարուցվել է քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից մեկի` Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած բողոքի հիման:
Իսկ թե ինչո ՞ւ է տվյալ աշխատակիցը դիմել իրավապահներին, Սամվել Բալասանյանը այսպես պարզաբանեց. «Հավելագրումներ կան` բազայի հետ կապված, գույքահարկի հետ կապված, չկան բազայի մեջ, մի խոսքով, տարբերություններ կային մեր ունեցած բազայի և կադաստրի տված բազայի հետ կապված: Կային նաև ինչ-որ խնդիրներ աղբահանության հետ կապված, նաև շինարարության հետ կապված, այսինքն կա 3 խնդիր »:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aravot.am-ին Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի 7-8 աշխատակիցների կողմից աղբահանության կեղծ պայմանագրեր սարքելու, իրավաբանական ու ֆիզիկական անձանց դրամաշորթության ենթարկելու փաստի առթիվ: «2006-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Գյումրու քաղաքապետարանի վերոհիշյալ բաժնի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, և միմյանց հետ նախնական համաձայնության գալով, աղբահանության կեղծ պայմանագրեր են սարքել, իրավաբանական անձանցից խոշոր չափի գումարներ են գանձել, մեծ մասը յուրացրել են` քաղաքային բյուջե մուտքագրելով շատ քիչ գումար: Այսպիսով վերջիններս համայնքային բյուջեին խոշոր չափով վնաս են պատճառել»,- նշված է քրեական գործում: Իսկ բողոքողը եղել էր այդ նույն բաժնի աշխատակից, սպանված զինվորի հայր Հենրիկ Մալխասյանը: Ինչևէ, ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, դատախազության դիմումով այս գործը ուսումնասիրվել է Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ իրացնող ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության կողմից , որը և պատրաստվում է իր կազմած ակտի մեջ համապատասխան որակավորում տալ:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր մենք տեղեկություններ ստացանք այն մասին, որ ֆինանսների նախարարությունը Գյումրու քաղաքապետարանում մեկ ամիս շարունակ իրականացրած ստուգումների ակտը արդեն ուղարկել է, այն գտնվում է Շիրակի մարզպետարանում: Հիշեցնենք, որ այդ ակտին սրտատրոփ սպասում է ինչպես Վարդան Ղուկասյանը, այնպես էլ Սամվել Բալասանյանը: Ի վերջո պարզ է դառնալու, թե Սամվել Բալասանյանի` Վարդան Ղուկասյանի յուրացումների մասին բարձրաձայնումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ