Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ վարչության երկու անդամները վերահաստատում են Բագրատյանին իրենց աջակցությունը

Հունվար 28,2013 18:34

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը բազմիցս դրական է արտահայտվել Հրանտ Բագրատյանի թեկնածության վերաբերյալ: Նաեւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն էր «Հրապարակին» ասել, թե «Բագրատյանին պետք է աջակցել, ես ակտիվ պայքարի կողմնակից եմ եւ ինքս աջակցելու եմ»:

Սակայն հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀՇ կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ, որից հետո կուսակցությունը հայտարարեց, որ չի սատարելու թեկնածուներից ոչ մեկին՝ լիովին հավանություն տալով Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններում  թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին:

Aravot.am-ը ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանից հետաքրքրվեց՝ մի՞թե հնարավոր չեղավ համոզել իրենց կուսակից ընկերներին, կամ ի՞նչ է իրականում տեղի ունեցել, որ ՀՀՇ-ն վարչության նիստից հետո ոչ ոքի չսատարելու որոշում է կայացրել: Պարոն Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես մասնակցել եմ ՀՀՇ-ի վարչության նիստին: Նիստին պաշտպանել-չպաշտպանելու կարգի հարց չի քննարկվել:  Քննարկվել են ուրիշ հարցեր»:

Եր. Աբգարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր հայտարարությունները նույնն են մնացել:

Հովհաննես Իգիթյանն էլ նշեց. «Առանձնապես ոչ մի բան չի փոխվել, եղել է ՀԱԿ-ի որոշումը՝ չսատարելու, այդպես էլ մնաց: Ստեղծվել է  մի իրավիճակ, որ ինչ-որ բան այն չէ: Իդեալական կլիներ, որ ամբողջ ընդդիմությունը ըմբոստանար այս ընտրական համակարգի և իշխանության դեմ և բոյկոտեր ու ցույց տար, որ այսպես չի կարելի և իր հետևից բարձրացներ հասարակության մեծ մասը: Բայց այնպես ստացվեց, որ չստացվեց: Ես չեմ տեսնում հասարակության մեջ ընտրությունները բոյկոտելու տրամադրություն: Ուստի հասարակությունը ի՞նչ պիտի անի, հասարակությունը չի կարող պատանդ լինել ընդդիմության այս կամ այն  համաձայնության գալուն կամ չգալուն: Մեկ այլ կարևոր հանգամանք. ՀԱԿ-ը ասում է, որ այս ռեժիմը պիտի վերանա, բայց երևի թե հասարակության մեջ հարցեր են առաջանում, թե ի՞նչ մոդել ենք ստեղծելու: Ահա Հրանտ Բագրատյանը ցույց է տալիս այն մոդելը, որով հասարակությունը կարող է գոյատևել: Այսինքն՝ Հրանտ Բագրատյանը այն հարցին, թե մեր վերջն ինչ է լինելու, պատասխան է առաջարկում: Այնտեղ կան վիճարկելի կետեր, բայց խոսքը նրա մասին է, որ պետք է դաշտը ստեղծվի, որտեղ կարելի է բանավիճել: Մենք անընդհատ խոսում ենք միասնական թեկնածուի մասին, ուստի լավ հնարավորություն ստեղծվեց ցույց տալ, որ մենք ամբիցիաներ չունենք, մեզ համար միևնույն է՝ միայն թեկնածուն ով է, մենք պատրաստ ենք նրա շուրջ միավորվելու»:

Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչու՞ ՀՀՇ անդամների մեծամասնության կողմից չեղավ այս դիրքորոշման աջակցումը: Հ. Իգիթյանը պատասխանեց. «Բոլորը սպասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի առաջադրվի: ՀԱԿ-ում մինչև վերջին զինվորը համոզված էին, որ նա ամենահարմար թեկնածուն է: Իմանալով՝ ինչ վտանգների հետ է կապված, բոլորը պատրաստ էին նրա հետևից մինչև վերջ գնալու: Բայց այս իրավիճակում այնպես ստացվեց, որ նա չառաջադրվեց: Ինձ թվում է, որ շատ մարդկանց ժամանակ է անհրաժեշտ այդ մարսելու: Դա բնական է, քանի որ ՀԱԿ-ը Լևոն Տեր Պետրոսյանի շուրջ ստեղծված կառույց է: Հրանտ Բագրատյանն էլ լուսնից իջած չէ: Բայց անկախ այն բանից, ինքը կընտրվի, թե ոչ, նա ցույց է տալիս, որ եթե ՀՀ-ն  լիներ քաղաքակիրթ երկիր, թեկնածուն իրեն ինչպես պետք է պահեր, ի՞նչ ծրագրով դուրս գար հասարակությանը, ինչ տնտեսական և քաղաքական լուծումներ առաջարկեր: Ահա սա ես հավանում եմ Հրանտ Բագրատյանի մոտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031