Տավուշի մարզխորհրդի նիստերում բազմիցս նշվել է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու, Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի եզրին գտնվող Իջեւանի քաղաքային աղբավայրի հակասանիտարական վիճակը վերացնելու անհրաժեշտության մասին: Աղբավայրը գտնվում է Լուսաձոր գյուղի վարչական տարածքում:
Բացօթյա թափված աղբը տարբեր տարափոխիկ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Աղբավայրում թափված ցելոֆանե հարյուրավոր տոպրակները կառչելով մայրուղու եզրին աճած ծառերին եւ թփերին՝ «հեքիաթային» պատկեր են ստեղծում:
Ֆինանսական միջոցների սղության պատճառով Իջեւանի քաղաքապետարանը այդտեղ կուտակված աղբի հորման աշխատանքներ չէր ձեռնարկում:
Հունվարի 29-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Նախագահի եւ նրանց ուղեկցող պաշտոնյաների ավտոմեքենաներն անցնելու են աղբավայրի մոտով:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով ՝ արդեն 5 օր է, ինչ Իջեւանի քաղաքապետարանն իրականացնում է ճանապարհի եզրին գտնվող աղբավայրի բարեկարգման, աղբի հորման աշխատանքներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ