«Վիսոցկուն հիշել, երբեք էլ ուշ չէ: 32 տարի է, ինչ նա մեզ հետ չէ, սակայն նրա անունը, թողած հիշողություններն ու տաղանդը չի մոռացվել»,-այսօր ռուս նշանավոր երգիչ- կատարող, պոետ, երգահան եւ դերասան Վլադիմիր Վիսոցկու 75-ամյակին նվիրված «Ես իհարկե կվերադառնամ» գրական-երաժշտական ցերեկույթի ժամանակ նշեց Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մշակութային ծրագրերի համակարգող Սուսաննա Հովհաննիսյանը:
Նրա պնդմամբ՝ Վիսոցկու գործունեությունը մինչ այսօր բացահայտված չէ: Խաղացել է տասնյակ դերեր կինոյում եւ թատրոնում, հեղինակ է շուրջ 600 երգի, 100 բանաստեղծության, ինչպես նաեւ արձակ գործերի:
Երաժիշտ Ռուբեն Եղոյանի համոզմամբ, ով 20 տարի կատարում է Վիսոցկու գործերը, համարում է, որ նրա ստեղծագործություններում մեծ փիլիսոփայություն կա.
«Ամեն անգամ կատարելով նրա գործերը՝ զգում ես, որ դրանք արժեք ունեն: Նրան գնահատելուց առաջ պետք է հասկանալ, նոր գնահատականներ տալ: Երիտասարդությունը պետք է լսի նրան, ինչպես նաեւ ռուսական մշակույթին մոտ լինի»:
Կարդացեք նաև
Բանաստեղծ, թագմանիչ Հովհաննես Սարոյանի խոսքով՝ երգիչը համաշխարհային մշակույթի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էր.
«Ինձ համար անընդունելի էր նրա կոկորդային ձայնը: Երգելուց առաջինն էր, դերեր կերտելիս առաջինն էր, որպես կատարող առաջինն էր, բայց նա բանաստեղծ էր առաջին հերթին: Մագնիսի նման ձգում էր մարդկանց, դա մեծություններին էր բնորոշ»:
Բանաստեղծը կարծում է, որ Վիսոցկին մեզ նման հասարակ մահկանացու չէր, նա մեծություն էր, որին նմանվելը հետագայում շատ դժվար կլինի:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ