«Կենդանաբանական այգու կանգառում կանգնեք»,- մի փոքր բղավելով ասացի ես:
Խնդրանք-պահանջս մի քանի այլ ուղևորների միջոցով հասավ «ուստա վարպետին» ու նույն կերպ ինձ վերադարձավ նրա պատասխանը.
«Գազնոցի մո՞տ ես իջնում»:
Առանց երկարացնելու, բայց մի փոքր տխուր դրական պատասխան տվեցի վարպետին ու իջա: Մինչ կհասնեի այգի, պատահական ունկնդիր դարձա այգի շտապող երջանիկ ընտանիքի խոսակցությանը.
«Բալես էս էլ գազանանոցնա, ստեղ տեսակ-տեսակ գազաններ կան: Տես, որին կուզես կերակրի»,-առանձնակի հոգատարությամբ ասաց հայրը դստերը:
Սկզբում երթուղայինի վարպետի, հետո զավակ դաստիարակող հոր խոսքերը մտան ուղեղիս մեջ ու ինձ երկար ժամանակ հանգիստ չտվեցին: Հազիվ էի հասցրել մոռանալ ժամանակակից բառարաններում չհանդիպող ու եվրոպական մտածողության մեջ տեղ չունեցող «գազնոց» կամ «գազանանոց» բառերը, երբ սկսվեց լրատվամիջոցների ինֆորմացիոն գրոհը: Ու այդ ամենը սենսացիա կերտելու, ռեյտինգ գրանցելու համար: Ու կարևոր էլ չէր, որ յոթ տասնամյակից ավել կենսագրություն ունեցող կենդանաբանական այգին մի րոպեում դարձավ «գազանանոց»:
Մինչդեռ «գազանանոց» ասողն այգի գալիս է առավելագույնը տարին մեկ կամ երկու անգամ: Ու չի գալիս էկոլոգիական կրթություն ստանալու, կենդանիների հոգեբանությունն ուսումնասիրելու համար, այլ լավագույն դեպքում, սեփական ձեռքով պատրաստած կամ հակառակը՝ էժանագին ուտելիքով «գազաններին» կերակրելու, ազատության մեջ անազատների վրա ծիծաղելու համար: Հաճույքի համար: Բայց թե Նրա՝ այգին լքելուց հետո, ինչ կկատարվեր կենդանիների հետ, իր խնդիրը չէր. դրա համար այգու տնօրինություն կա, տնօրենն էլ թող պատասխան տա ամեն այցելուի արածի համար: Բայց երբ նույն տնօրենը ոչ մի այցելուի «չնեղացնելու» համար, նորամուծություն մտցրեց՝ կենդանիների համար նախատեսված անվնաս կերի տեսքով, որ պետք էր չնչին գումարով գնել ու կերակրել այգու բնակիչներին, բոլորը շտապեցին մեղադրել այգու տնօրենին՝ սեփական բիզնես ծրագրի իրականացման համար: Մինչդեռ նույն այս որոշման մեջ պատճառ-հետևանքային կապ կար. շատերին՝ անհայտ, այգում 365 օր աշխատող մարդկանց՝ հայտնի:
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում. այգում ամեն մեկը չի աշխատի. այդչափ նվիրվի հաշված կոպեկների համար:
Դե արի ու մի ջահելի համոզի այգում կենդանի խնամի, կերակրի ու տարածք մաքրի: Մինչդեռ այգում Վահագ պապ է աշխատում, կենդանիներին կերակրում, խնամում, նրանց հետ զրուցում ու նրանց համար անգամ երգում: Ու էս ամենն անշահախնդիր, իր երկրորդ ու ոչ պակաս սիրելի ընտանիքի համար: Բայց նույն Վահագ պապի անունն ինչ որ մութ գործերի ու կեղտոտ խաղերի մեջ է հայտնվում: Իսկ ես վսահ եմ. Վահագ պապը չէր գրի ու ստորագրի: Եւ ոչ այն պատճառով, որ ղեկավարությունից բողոք չունի, պահանջելու բան միշտ էլ կա, բայց այն պարզ պատճառով, որ ժամանակ չունի թիթիզ բաներ անելու գործի ժամին ու փոխարեն: Այգին նրա տունն է, անհրաժեշտ օդն ու ջուրը: Բայց քաղաքապետարան հասած նամակներում պարզվում է՝ Վահագ պապն ու մյուս աշխատակիցները թշնամիներ են այգուն, կենդանիներին ու այգու ղեկավարությանը: Միայն թե այս մասին նրանք իմանում են լրատվամիջոցներից:
Ու այս ամենն անձի կռիվ է, տնօրենի աթոռի պատերազմ: Բայց Վահագ պապի ու այգու մյուս աշխատակիցների գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ցածր աշխատավարձը: Կռիվն էլ՝ պետության հետ, տնօրենն ի՞նչ մեղավոր է: Նրա ու մյուսների աշխատավարձը պետության գրպանից է…
«Գազնոցի» հերոսն այս անգամ «այռուծն» էր, որ համարձակվեց սատկել:
Եթե միայն իմանար, հետմահու հերոսացման մասին, իր կարևորության ու հանրայնության… Միայն թե էստեղ էլ գործեց՝ «գնա սատկի, արի սիրեմ» հայտնի թեզը:
Էն որ այգու ազատավանդակները փոքր են, անպիտան ու խղճահարություն արթնացնող, նորություն չէ: Բայց նույն այդ օրակարգային հարցի շուրջ տարիներ շարունակ և ոչ մի լրատվամիջոց այսպիսի աղմուկ չբարձրացրեց, պետությունից անհրաժեշտ միջոցներ չպահանջեց, չզգուշացրեց, իր կարևոր օգնությունը չառաջարկեց:
Ամեն ինչ վերջում՝ վերջակետից հետո… ինչ լավ էր գոնե «այռուծը» սատկեց ու գրելու բան եղավ:
Մինչդեռ ամեն օր իմ Հայաստան աշխարհի մի ակյունում ոչ պակաս «առյուծ մարդիկ» են մահանում՝ սովից, ցրտից ու հիվանդությունից, որ կարելի էր բուժել, բայց փող ՉԿԱՐ: Կամ օրինակ եվրոպական ստանդարտներին համապատասխան բնակելի շենք են կառուցում, որ լավագույն դեպքում կեսից է փուլ գալիս:
Իսկ առյուծն ի՞նչ…մի մեծ բան չի…իրեն հարգող ամեն մի օլիգարխի բակում էլ նա մռնչում է…հաչոցի դարը վաղուց անցել է…
Էս թեմայի հետ կապված էնքան կռիվ կա մեջս, ցավ ու մտածմունք: Իմ պաշտպանյալն ամենևին այգու տնօրենը չէ, ավելին նա դրա կարիքը չունի էլ, պարզապես Մյասնիկյան 20-ն իմ լավ ընկերների բնակության հասցեն է: Թեպետ չեն խոսում, բայց բոլորից լավ լսում ու հասկանում են չափից ավելին: Մարդկանց «գազանային» չարությանն էլ պատասխանում են «ոչ գազանային» սիրով, հոգատարությամբ ու նվիրվածությամբ:
Ու հենց այդ ժամանակ մի այլ՝ կարևոր հարց է ծագում՝ ովքե՞ր են իսկական գազանները…
Աննա Հայրապետյան` (mynews.am)