«Ես ամեն տարի նույն օրը գալիս եմ այստեղ. իմ այս այցելությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի», – այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարեց ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պանթեոնում նա մոտենում էր հերոսների շիրիմներն այցելած հարազատներին, ցավակցում, շնորհակալության խոսքեր հայտնում, ծաղիկ դնում շիրմաքարերին:
Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ, որտեղ այդ ժամին Սպարապետի ծնողներն էին ` Զավեն և Գրետա Սարգսյաննները, նախագահի թեկնածուն նախ խոնարհվեց տիկնոջ առջև և շնորհավորելով` շնորհակալություն հայտնեց հերոս դաստիարակելու համար:
Ի պատասխան` Գրետա Սարգսյանը շեշտեց, որ այսօր տոն է բոլորի համար, և պետք է միայն ուրախությամբ և երախտագիտությամբ հիշել հերոսներին:
«Իրենք արեցին իրենց գործը, ուզում են ասեն, ուզում են չասեն` միևնույնն է: Բանակի հիմնադիրը դու ես, փառք ու պատիվ քեզ էլ, քո տղաներին էլ, մեր բանակին էլ: Վազգեն տղա, այդ ինչ հզոր կամք ունեիր», – ասաց նա և դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին` շարունակեց. «Վազգեն Սարգսյանը եղել է երկրի առաջին զինվորն ու վերջին ֆիդային»:
Կարդացեք նաև
«Վազգենը մեր բոլորի որդին է, հայ մարդու որդին է», – արձագանքեց Րաֆֆի հովհաննիսյանը և, համբուրելով տիկին Գրետայի ճակատը« ծաղիկ դրեց Սպարապետի շիրմաքարին:
Ազգային հերոս Մոնթեի շիրմաքարի մոտ «Ժառանգության» առաջնորդը լրագրողներին ասաց, որ առաջին անգամ է նման կարգավիճակով այցելում պանթեոն, բայց այցը որևէ կապ ընտրությունների հետ չունի:
«Սա իմ կյանքի մի մասն է, ինձ ուժ տվող, ինձ համեստացնող, փոքրացնող: Ես մոտենում եմ սգող մայրերին, երեխաներին, ընտանիքի մյուս անդամներին, ուզում եմ կիսել իրանց հետ այս կյանքը: Մի քիչ անսովոր է այս պահն ինձ համար, այս ներկայությունը, ապարատները, բայց հասկանալի է, թե ինչու եք այստեղ… Շարքային մի զինվոր է, թե հրամանատար` Գրետա մայրիկից, Զավեն հայրիկից մինչև շարքային զինվորի մայր` այս ամենը մեր ապագան է, մեր հայրենիքն է` իր լավով, և վատով, և կոնկրետ այստեղ իր ամենալավով, որովհետև այստեղ իր չնաշխարհիկ սերունդն է… Մենք բոլորս պետք է ունենանք այն հավատամքը, որ սա անիմաստ պատերազմ չէր», – ասաց նա` միաժամանակ հավելելով, որ այս 21 տարիների ընթացքում բանակաշինության գործում չեն բացառվել նաև թերություններ և սխալներ:
«Այդ սխալները պետք է ուղղվեն, թե բանակում, թե` առաջին գծում, և թե` խաղաղ պայմաններում: Պետք է վերացնենք խաղաղ պայմաներում մեր երեխաների զոհվելը», – ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց նաև 1970-ականներին Ֆրեզնոյում առաջին անգամ Մոնթե Մելքոնյանի հետ ծանոթանալը, որոշ դրվագներ իրենց ընկերությունից: Նրա խոսքով` միշտ ոգևորվել է Մոնթեի ազգասիրությամբ, թեև զինվորական ծառայության երբևէ չէր անցել և չէր մասնակցել նաև Արցախյան ազատամարտին:
«Իմ պատիվն եղել է այն, որ ես հանդիպել եմ հերոսներից մի քանիսին, եղել եմ ճակատում, բայց ոչ զենքով: Դա իմ մեղքն է, իմ սխալը: Ես այն ժամանակ եղել եմ ձեր նման` տեսախցիկով: Համարեմ, որ դա էլ իմ փոքր մասնակցությունն է», – ասաց նա` հայտնելով, որ ՀՀ քաղաքացիությունը ստանալուց հետո դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` զինվորական պարտքը կատարելու ցանկությամբ, սական տարիքային սահմանափակման պատճառով խնդրանքը չի իրագործվել: «Դա եղել է 12 տարի առաջ, հիմա ես 53 եմ: Նրանք ասել են, որ դա պահեստայինի տարիք է, և երբ որ պետք կլինի, կզորակոչեն: Ես պատրաստ եմ», -եզրափակեց Ր.Հովհաննիսյանը:
Panorama.am