Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն է 21 տարեկան, իսկ հայկական բանակի տարիքը չափվում է հազարամյակներով». Բանակի մասին

Հունվար 28,2013 17:34

Մեր՝ հայերիս, վաղեմի երազանքն է եղել ունենալ պետությունը պաշտպանող հզոր բանակ, հայ երիտասարդներ, ովքեր խրոխտաբար ձեռքները կվերցնեն զենքն ու կապահովվեն երկրի խաղաղությունը: 1992 թ. կատարվեց մեր երազանքը. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հեռուստալրագրող Արտակ Հերիքյանի ծառայությունն անցել է Պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում: Նրա խոսքով՝ ծառայության ընթացքում հասցրել է լինել Հայաստանի շատ զորամասերում և սովորել ռազմական լրագրության սկզբունքները. «Հայոց բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղությունն ու ապահովության զգացումը, հունվարի 28-ին և տարվա մյուս բոլոր օրերին էլ ես կշարունակեմ աղոթել հայ զինվորի համար, – ասում է հեռուստալրագրողն ու ավելացնում,-Աստված պահապան մեր բանակին»:

«Ես հարում եմ քաղաքական ռեալիզմի ուղղությանը, ըստ որի, աշխարհում կատարվող ամեն ինչ ուժի դիրքերից է, իսկ նման տեսակետ ունեցող ցանկացած ոք հաստատ կցանկանա ունենալ հզոր բանակ», – ասում է մասնագիտությամբ միջազգայնագետ Գոռ Ռուստամյանը: Նա ծառայել է ազատագրված հայրենիքում ՝ Սանասարում, հրթիռա-հրետանային զորքերում: «2 տարվա ընթացքում եղել են դժվարությորններ, անքուն գիշերներ, կարոտով լի օրեր, բայց չեմ ափսոսում 2 տարիների համար. երբեմն նույնիսկ կարոտով եմ հիշում դաշտային համազգեստն ու բանակային օրերը», – ասում է նա: Բանակին էլ մաղթում է մշտական համալրում` հայրենասեր երիտասարդներով և ժամանակակից տեխնիկայով:

Երիտասարդ ֆիզիկոս Դանիել Իոանիսյանն էլ մի քանի տասնյակ վերլուծականներ է գրել բանակի մասին, բայց որքան էլ զարմանալի կհնչի, երբեք չի ծառայել, թեև ինչպես ասում է՝ ցանկություն ունեցել է. «Մի 10 տարի առաջ, երբ դեռ 15 տարեկան էի, ցանկություն կար ծառայելու բանակում, իսկ այժմ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, չեմ ցանկանա, եթե, իհարկե, պատերազմ չսկսվի»: Դանիելի համար բանակը մարդկանց մի խումբ է, որոնց մի մասը գումարներ է գրպանում, կաշառք է վերցնում ու այլ զինվոր ծեծում… մի մասն էլ, նորմալ մարդիկ են, ում վրա ընկնում է պաշտպանության իրական բեռը: «Իրականում, պատերազմի դեպքում այս բանակը չի, որ կկանգնեցնի թշնամուն, այլ հանրության գիտակից մասը… Մարդիկ, ովքեր կամավոր կգնան ու կկռվեն և ոչ թե բենզին, գոմեշի միս կգրպանեն», – ասում է նա: Բանակի տոնի հետ կապված էլ ցանկացավ նշել մի հանգամանք. «Կուզենամ կոչ անել բոլորին չասել, որ բանակը 21 տարեկան է: ՊՆ-ն է 21 տարեկան, իսկ հայկական բանակի տարիքը չափվում է հազարամյակներով»: Երիտասարդ ֆիզիկոսը մաղթում է զինծառայողներին, որ նրանք այնպես իրականացնեն իրենց պարտականությունները, որ միշտ քայլեն բաց ճակատով, բարձր պահած գլխով,  մենք էլ պարծենանք իրենց սխրանքներով, իսկ արտասահմանցիները օրինակ վերցնեն իրենց մտքերից, «Կմաղթեմ նաև, որ զինծառայողների շարքերում չլինեն թալանչի-բիզնեսմեններ, խաբեբաներ և ցածր արժեհամակարգ կրողներ», – հավելում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031