Բանասիրական գիտությունների թեկնածու , գրականագետ եւ Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դեւրիկյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսելով օրվա խորհրդից, նշեց. «Մեր բանակի տոնն առանձնակի խորհուրդ ունի, այն ոչ թե մասնագիտական տոն է, ինչպես բժշկի, ուսուցչի եւ մյուսների տոները, այլ մեր լինելության, անվտանգության, նույնիսկ անկախության տոնն է: Մեր բանակի յուրահատկությունն այն է, որ ոչ թե Հայաստանի անկախությունը ստեղծեց ազգային բանակը, այլ Հայաստանի անկախությանը նախորդեց բանակի ստեղծումը, ու բանակը պաշտպանեց մեր երկիրը դեռեւս անկախություն չունեցած ժամանակ»:
Դեւրիկյանի ձեւակերպմամբ, բանակը հասարակության հայելին է. «Բանակում հակասականություն կա մեր անկախության նման, ինչպես մեր անկախությունը մի կողմից մեզ պարգեւեց ապագայի հանդեպ հավատ, ազգային լինելության ու ամեն ինչի բերկրանք, այդպես էլ բանակը: Նույն հոգսերն ու դժվարությունները, որ մենք ենք կրում, նույնն էլ բանակն է կրում: Այս ամենով հանդերձ, բանակը մեր վստահության երաշխիքն է, բայց մյուս կողմից՝ կան բաներ, որոնք տարբեր առիթներով անընդհատ մթագնում եւ ուղղակի թեւաթափ են անում մեզ: Եթե պատմական լայն համատեքստում ենք նայում, ապա տեսնում ենք, որ մեր ժողովրդի պատմությունը դարեր շարունակ գրել ենք եղեգնյա գրչով եւ ժամանակի բոլոր գրիչներով, որոնք բոլորն էլ կոտրվել են, ինչպես Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը: Միայն 1988 թվականից մենք մեր պատմությունը սկսեցինք գրել Կալաշնիկովի ավտոմատով, եւ այդ ժամանակվանից հեղաբեկվեց մեր պատմությունը՝ շնորհիվ մեր բանակի»:
Դեւրիկյանը Ավետարանի «Որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտն է» եւ Սարոյանի «Մեր սիրտը լեռներում է» արտահայտությունները այլ տեսանկյունից է իմաստավորում.«Մեր սիրտը լեռներում է, որովհետեւ այնտեղ մեր գանձերն են՝ դիրքերը պահող զինվորները, մաղթենք նրանց բարի ծառայություն, իսկ մեր հայրենիքի սահմաններին անխափան պաշտպանություն»:
Գրականագետը համոզված է, որ հայրենիքի հանդեպ վստահությամբ լցվելու ամենակարեւոր հանգամանքներից մեկը՝ հոգեբանական գործոնը, հատկապես սահմանամերձ զորամասերում լինելն է:
Կարդացեք նաև
Նա նաեւ կարծում է, որ «բանակային» ողբերգական դեպքերի գլխավոր պատճառներից մեկը ներքին սոցիալական ագրեսիան է ու զինվորների՝ իրենց անճար զգալը. «Այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկն այն պիտի լինի, որ մեր զինվորներին հպարտության գիտակցումը ներարկվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ