Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց Վիսլա Սեդրակյանը, ով «Հայոց պատմություն» հուշակոթողի մտահղացման հեղինակն է, բողոքի ակցիա էր կազմակերպել: Վիսլա Սեդրակյանի պահանջն ու խնդրանքը, ինչպես ինքը վստահեցրեց, արդեն տարիներ է ոչ ոք պատշաճ ուշադրության չի արժանացնում, իսկ խնդրանքը` Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքին նվիրված Երվանդ Գոջաբաշյանի հուշակոթողը Նորքի 3-րդ զանգվածից Խորենացի փողոց տեղափոխելն է:
Ըստ պարոն Սեդրակյանի, հուշակոթողը տեղադրված է թիվ 143 դպրոցի մոտ եւ անտերության է մատնված. Ուղղակի հավաբնի հարեւանությամբ է, մինչդեռ նման հուշակոթողը պետք է քաղաքի կենտրոնական փողոցներում լինի, որպեսզի զբոսաշրջիկների համար էլ նկատելի լինի ու տեսնեն, որ հայերը գրքին նվիրված հուշարձան ունեն:
Aravot.am-ի հարցին՝ մինչ բողոքի ակցիան, փորձել են պետական որեւէ գերատեսչությանը դիմել, պարոն Սեդրակյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանին է դիմել, որտեղից վստահեցրել են, որ հուշարձանը տեղադրված է կրթական օջախի բակային հատվածում եւ իր գեղարվեստական լուծմամբ ու բովանդակությամբ համահունչ է վերջինիս. «Ինչպես նաեւ, բացի քաղաքի կենտրոնից, մյուս վարչական շրջաններն էլ ճարտարապետական փոքր ձեւերի եւ քանդակների կարիք ունեն. Հանձնաժողովը որոշել է հուշարձանը թողնել նույն տեղում»:
Իսկ պարոն Սեդրակյանն էլ քաղաքապետարանին հակադարձում է` «Ինչո՞ւ Կարաբալան քաղաքի կենտրոնում ծաղիկ է ծախում, իսկ Խորենացին Նորքի մասիվում հավ է խնամում»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, արդյոք նախընտրական շրջա՞նն է պատճառը, որ պարոն Սեդրակյանը որոշել է խնդրին լուծում տալու համար ակցիա կազմակերպել, վերջինս ասաց. «Այո, նախընտրական շրջան է եւ խնդրի վրա ուշադրություն գրավելու բարենպաստ շրջան: Բա էլ ո՞ւմ դիմեմ, գործը հասել է դիվանբաշուն: Էլ չգիտեմ ում պիտի դիմեմ, եթե Սերժ Սարգսյանն էլ այս հարցը չլուծի, չգիտեմ` ում դիմեմ: Եթե ազգի առաջնորդն էլ մերժի ու ասի` Խորենացի պետք չի, ուրեմն…բայց կարծում եմ կընդառաջի»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ