Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ նախագահի թեկնածուներին

Հունվար 28,2013 16:55

«Դա իսկապես լուրջ խնդիր է, որը որպես խնդիր դրված է: Այսինքն, ապահովել այն, որ պետությունը սկսի վարել նման ցանկ: Սակայն այս պահին մենք չունենք որեւէ ձեւով հստակ ցուցակ, թե ովքեր են ավելի քան 180 օր բացակայում Հայաստանից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի երեք թեկնածուների՝ համատեղ հայտարարությունը :

Հայտարարության տեքստում, մասնավորաբար, ասված է. «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից: Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը»:

Դավիթ Հարությունյանը նաեւ հավելում է, որ Ընտրական օրենսգիրքն իր մեջ բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք հնարավորություն են ընձեռում բոլոր թեկնածուներին՝ պատշաճ վերահսկողություն ապահովելու համար, որպեսզի նրանց փոխարեն, ովքեր բացակայում են եւ բնավ էլ կարեւոր չէ, թե 180 օրից ավելի են բացակայում, թե պարզապես այդ օրը չեն ներկայանում տեղամաս, քվեարկություն տեղի չունենա: Ուստի, նրա համոզմամբ, խնդիր պետք է դնել ոչ թե երկրից 180 օր բացակայած քաղաքացիների մասով քվեարկություն չկատարելու, այլ, ընդհանրապես, որեւէ մեկի փոխարեն քվեարկությունը բացառելու վրա. «Ես վստահ եմ, որ ԸՕ-ն այդ բոլոր երաշխիքները պարունակում է եւ պետք է ընդամենն իրացնել այն իրավունքները, որոնք տրված են յուրաքանչյուր թեկնածուի»:

Մեր դիտարկմանը, որ հայաստանյան իրականության մեջ մշտապես հօգուտ իշխանական թեկնածուի օգտագործվել է ՀՀ-ից բացակայող ընտրողների «ռեսուրսը» եւ այդ մասին ահազանգեր մշտապես են եղել, մասնավորաբար, 2008-ի ընտրությունների ժամանակ, ըստ ՀԱԿ-ի եւ նրա թեկնածուի, այդ թիվը մոտ 500 հազար է կազմել, Դավիթ Հարությունյանն անդրադառնալով մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ հիշեցրեց, որ այդ ժամանակ խնդրո առարկայի վերաբերյալ հատուկ քայլեր ձեռնարկվեցին. «ԸՕ-ն նախատեսեց մի շարք լուրջ վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի ոչ միայն որեւէ նման երեւույթ չլինի, այլ որպեսզի յուրաքանչյուր կողմ, ով նման մեղադրանք է ներկայացնում, այդ թվում եւ դուք, կարողանայիք գոնե մեկ նման փաստ նշել»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ նաեւ աննախադեպ քայլ կատարվեց, երբ մի շարք կուսակցություններով դիմեցին կառավարությանը եւ կառավարությունը համաձայնեց բացել սահմանային վերահսկողական տվյալների բազան` ընտրություններին մասնակից կուսակցությունների համար. «Եթե նման փաստեր լինեին, վստահեցնում եմ ձեզ, որ առնվազն մի քանի կուսակցություն, ենթադրում եմ, կունենար գոնե որոշակի նման օրինակներ՝ բոլոր տեղամասերում ունենալով վստահված անձինք եւ հնարավորություն կունենար ստուգելու այդ տվյալները: Ընտրություններին մասնակից կուսակցությունները ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին, ովքեր հատուկ ուսումնառություն անցան, թե ինչպե՞ս պետք է օգտվել այդ տվյալների բազայից: Եվ թեեւ յուրաքանչյուրի համար առանձնացված է եղել հատուկ աշխատատեղ, ընտրություններից հետո որեւէ մի կուսակցություն չօգտվեց այդ հնարավորությունից: Ինչը նշանակում է, որ որեւէ նման դեպք իրականում չի եղել: Համենայնդեպս, մինչեւ այսօր որեւէ մեկի կողմից նման հարցադրում չի բարձրացվել»:

Ինչ մնում է վարչական ռեսուրսը չօգտագործելու՝ թեկնածուների «հրապարակային երդմանը», մեր զրուցակիցը համաձայն է, որ վարչական ռեսուրսը չպիտի օգտագործվի. «Հասկանում եմ, որ ընդդիմադիր թեկնածուներն այդ հարցը պետք է միշտ շոշափեն, որոշ դեպքերում, ինձ թվում է՝ շահարկելով: Սակայն հարցադրումն ինքնին ինձ համար ամբողջովին ընդունելի է եւ եթե որեւէ մեկը նման քայլ անի, շատ լավ է, որ թեկնածուները պետք է անմիջապես ահազանգեն, ինչին, վստահեցնում եմ, կլինի պատշաճ արձագանք»:

Նա, սակայն, հստակեցնում է, որ «վարչական ռեսուրսի օգտագործում» դարձվածքը մեզ մոտ հաճախ սխալ է ներկայացվում: Մասնավորաբար, մեր զրուցակցի կարծիքով, խնդիրը նախարարի կամ մեկ այլ պաշտոնյանի՝ իր պաշտոնական լիազորություններին զուգընթաց կուսակցական քարոզչություն իրականացնելու մեջ է ու այս առումով՝ «բազմաթիվ մեղադրանքներ, որ հնչում են, միշտ չէ, որ հիմնավորված են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031