Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Հայոց բանակը ՊՆ սեւ «Lexus»-ներով քաղաքում պտույտներ անելը չէ

Հունվար 28,2013 16:26

Ճանաչված երգիչ, երգահան Վահան Արծրունին Հայոց բանակի տոնի առիթով Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Հայոց ազգային բանակը մեր երկրի, ներկայիս պետականության միակ գարանտն է ու միակ կառույցը, որ համապատասխանում է իր էությանը. այն պաշտպանում է այս երկրի սահմանները, եւ այս երկիրը կայանում է հենց իր բանակի առկայությամբ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանում գործող մնացած բոլոր ինստիտուտների էությունը վերջին շրջանում տրանսֆորմացիայի է ենթարկվել՝ չի ծառայում բուն նպատակին»:

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ցավալի դեպքերի մասին հրապարակումները շատացել են, արվեստագետը պատասխանեց. «Իմ կարծիքով, ինչքան շատ լուսաբանվի բանակի՝ որպես ռազմական կառույցի առօրյան, եւ ընդհանրապես լայնորեն լուսաբանվեն բանակում առկա բոլոր թերությունները, հանցագործություններն ու աչքաթողությունները, այնքան բանակի ինքնամաքրման ու ներքին պոտենցիալը բարձր կլինի: Ես այս պարագայում բանակը չեմ տարանջատում համընդհանուր տարածքից, ես չեմ կարծում, թե կան բան բաներ, որոնք պետք է թաքցնել, չպատժել եւ քողարկել: Մեր բանակը, որպես կարեւորագույն ազգային կառույց, պետք է հասանելի լինի ազգի համար բոլոր պրոբլեմներով եւ նվաճումներով հանդերձ»:

Իսկ ճիշտ է քարոզվում այսօր ազգային բանակը: Վահան Արծրունին գտնում է, որ հեռուստաեթերում բնավ էլ բանակի «կերպարը» չենք տեսնում ու ներկայացվածն «աշխատում» է ի վնաս բանակի. «Ո՞վ է այսօրվա հերոսը՝ անհասկանալի աղբյուրներից իր բարեկեցությունն ապահովող սերիալի գլխավոր հերոսը, անհեթեթ ու շատ իրավիճակներում ծիծաղելի թվացող ազգային բանակի գեներալն ու նրա հավատարիմ մանկլավիկը…Մերօրյա հեռուստաեթերն այսպես է ներկայացնում մերօրյա բանակը, մինչդեռ ես բանակում ծառայած լինելով՝ երբեք նման գեներալներ, մանկլավիկների տիպարներ չեմ տեսել, երբեւիցե չեմ առնչվել: Համոզված եմ՝ դրանք «մատից ծծած» ու հորինված կերպարներ են, որոնց արդեն որերորդ տարին է՝ էս ազգի վզին փաթաթան են դարձնում: Իմ համոզմամբ, ռեժիսորական կազմը բանակի հետ հաստատ որեւէ առնչություն չի ունեցել: Կամ ամբողջ օրը մեզ եթերում ցույց են տալիս, թե ինչպես ՊՆ-ի սեւ համարներով «Lexus»-ներով, թանկարժեք այլ մեքենաներով սրանք պտույտներ են անում քաղաքով, աղջիկներին էստեղ-էնտեղ են տանում, ընդհանրապես զբաղվում են ամեն ինչով , բացի բանակային գործից: Ցույց են տալիս բաներ, որոնք ի նպաստ բանակի չեն աշխատում»:

Արվեստագետը համոզված է, որ կգա այն օրը, երբ հայ մայրը իր զավակին բանակ ճանապարհելիս լաց չի լինի. «Այդ օրը կգա, երբ հայ մայրը կապրի արդար, ազնիվ, արժանապատիվ երկրում: Նա ուրախությամբ կճանապարհի բանակ իր զավակին, որովհետեւ քաջ կգիտակցի, որ իր զավակը ծառայության օրոք գրավականն է մեր ազնվության, արդարության եւ բարեկեցության»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031