Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունը. Զարմանում, զայրանում, առաջարկում ենք

Հունվար 28,2013 16:20

Ամեն տարեվերջին ու տարեսկզբին, կարծես ավանդույթ է դարձել, ի շարս այլ խնդիրների, քննարկել նաև մրցաշրջանի լավագույն տասը մարզիկներին որոշելու կարգն ու քվեարկության արդյունքները:

Բացառություն չէր նաև Մրցաշրջան 2012-ը:

Ողջունելով, հունվարի 25-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անդամների ու մարզական մի շարք լրագրողների մասնակցությամբ՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով ընտրության և լավագույններին որոշելու նոր, առավել անխոցելի կարգ սահմանելու շուրջ տեղի ունեցած քննարկումը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է իր դիտարկումները.

1/ Առաջարկում ենք, քվեարկությունների փոխարեն, սահմանել հստակ գործող կարգ, որով Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում Հայաստանը ներկայացնող մարզիկները, ըստ նախապես հաստատված աղյուսակի, կհավաքեն համապատասխան բալեր և տարվա ավարտի հանրագումարով կզբաղեցնեն համապատասխան հորիզոնականներ՝ լավագույն մարզիկների ցուցակում:

Արդեն մի քանի տարի այս սկզբունքով է առաջնորդվում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին ընտրելիս և դրա մանրամասներին մամուլի հաղորդագրություններով տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, բոլոր լրատվամիջոցներին: /Ցուցակները՝ կից փաստաթղթերով, հաշվարկային աղյուսակներով,  մեր պաշտոնական կայքում. https://www.sambo.am/full_news.php?id=174

2/ Ցավալի է, որ վերը նշված՝ հունվարի 25-ի հանդիպում-քննարկումը լուսաբանող որոշ լրատվամիջոցների հրապարակումներում, սամբո մարզաձևի հետ կապված կոպիտ անճշտություն է տեղի ունեցել: Մասնավորապես, «Արմնյուզ» հեռուստաալիքի եթեր հեռարձակած, ապա կայքում տեղադրած տեղեկատվության մեջ կա հետևյալ միտքը.

«Քննարկման ընթացքում խնդրահարույց դարձավ նաև ուշուիստների ու սամբիստների խնդիրը: 10 լավագույնների ցուցակում կար սամբիստ, իսկ ուշուիստ ընդանրապես չկար: Սա այն դեպքում, երբ սամբոյի առաջնությանը մասնակցել էր 14 երկիր, իսկ ուշույի առաջնությանը 64-ը: Ստացվում է 14-ից հաղթող դուրս գալը ավելի բարդ է, քան 64-ից:»

http: //www.armnewstv.am/hy/1359119448

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամբողջությամբ հերքում է նման տեղեկատվությունը և հայտարարում.

ա/ Տեղեկատվությունից որևէ կերպ չի հասկացվում, թե սամբոյի ո՞ր առաջնության մասին է խոսքը. Եվրոպայի՞, աշխարհի՞, թե՞…: Այդ ի՞նչ առաջնություն է, որին մասնակցել է ընդամենը 14 պետություն:

Այնուամենայնիվ, ենթադրելով, որ տեղեկատվության հեղինակն ի նկատի է ունեցել Սամբոյի աշխարհի 2012թ. առաջնությունը, քանի որ Հայաստանի 10 լավագույններում ընդգրկված, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Վաչիկ Վարդանյանն այդ առաջնությունում էր արժանացել արծաթե մեդալի, պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ առաջնությանը մասնակցել է 55 պետություն: Եթե մարզական լրագրողը մի փոքր ճիգ գործադրեր, կարող էր համոզվել, որ գոնե վերջին 20 տարիներին, երբ ՀՀ-ն առանձին հավաքականով սկսել է մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, չի եղել մի դեպք, որին մասնակցեր ընդամենը 14 երկիր:

Որպես օգնություն, առաջարկում ենք ուսումնասիրել հետևյալ կայքերը.

sambo-fias.org, sambo.ru, sambo.am, sambo.spb.ru և այլն:

բ/ Հարգանք տածելով ուշու մարզաձևի բոլոր երկրպագուների, մարզիկների և մրցանակակիրների հանդեպ, գտնում ենք, որ տեղին չէ համեմատել այս երկու մարզաձևերը, որովհետև, ի տարբերություն ուշուի և շատ այլ մարզաձևերի՝ սամբոն հենակետային մարզաձև է, ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից, ճանաչված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, Հայաստանի տարածքում գործում են սամբոյի բազմաթիվ մարզադպրոցներ, որոնք նույնպես ֆինանսավորվում են պետության կողմից:

գ/ Մեր որոշ լրագրողների տեղեկատվական բացը լրացնելու համար նաև հավելենք, որ հայ ուշուիստները 2012թ. աշխարհի առաջնությանը չեն մասնակցել, այլ միայն՝ Եվրոպայի: https://www.panarmenian.net/arm/news/137987/

դ/ Թեև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մամուլի հաղորդագրություններով լրատվամիջոցներին ու հանրությանը պարբերաբար տեղեկացնում է միջազգային մրցասպարեզներում հայ սամբիստների հաջողությունների մասին, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտնել, որ մեր մարզիկները Մրցաշրջան 2012-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել են 38 մեդալ, երկու թիմային գավաթ` պատանիների և երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում երրորդ տեղը գրավելու, ևս մեկը` մեծահասակների թիմային առաջնությունում 5-րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար:  ԵՎ զարմանալի է, որ կան լրագրողներ, ովքեր՝ լավագույնների շարքում սամբիստի անուն-ազգանուն տեսնելիս, զարմանում են:

դ/ Հուսով ենք «Արմնյուզ» հեղինակավոր հեռուստաալիքը կշտկի բացթողումը և հանդես կգա համապատասխան հերքումով:

ե/ Պահանջում ենք, որպեսզի այս լրատվությունը հրապարակի նաև armsport.am կայքը, որովհետև, ըստ քննարկմանը մասնակից լրագրողների, հնչած ապատեղեկատվության հեղինակը այդ լրատվամիջոցի լրագրող Արթուր Նազարյանն է եղել:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031