«Այսօրվա բանակը ստեղծել են Արցախի համար կռվածները, ովքեր Արցախի հողը պարարտացրել են իրենց արյամբ: Մեր բանակը արդարացրել է անցյալի հաղթանակը,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Դուշման Վարդանի մայրը` Զարուհի Շամյանը, ապա հավելեց. «Եթե պատերազմ լինի, մենք կրկին հաղթելու ենք, որովհետեւ մեր զինվորները մղում են ոչ թե զավթողական, այլ ազատագրական պայքար: Որդիս միշտ ասում էր` «եթե ես զոհվեմ, կգաս իմ գերեզմանին եւ կհաղորդես, որ մենք բանակ ունենք»: Այսօր ես դա ասում եմ որդուս շիրմին, որ մեր ժողովուրդը ամուր ձեռքերում է»:
Արցախյան ազատամարտի մասնակից կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը ասաց, որ Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 300 կին, 42-ը զոհվել է:
Տիկին Սերոբյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ մարտնչել է մոտ 70 հոգանոց ջոկատում: «Մեզ հետ էին նաեւ 12 տարեկան երկու երեխա, որոնց հայրը մահացել էր: Նրանք փախել էին տանից, միացել մեզ եւ անգամ խնդրում էին իրենց հոր ավտոմատը տալ: Մարտակերտի շրջանի գյուղերից մեկի բարձունքը գրավելու փորձի ժամանակ պատսպարվելու համար անգամ ծառ ու քար չկար, այդ պատճառով փորձեցինք երեխաներին ետ պահել: Երբ ընթանում էինք դեպի բարձունք, մտքումս հրաժեշտ էի տալիս երեխաներիս, բայց երբ լսում էի 12 տարեկանների ոգեւորված զրույցը թշնամուն հաղթելու մասին, սթափվում էի: Նրանք ավտոմատ էին բռնել, որը բարձր էր նրանց հասակից: Երբ հրամանատարը նրանց ասաց, որ մեզ հետ չեն կարող գալ եւ հարձակումից հետո միայն կպահեն «պոստերը», երեխաները սկսեցին լաց լինել եւ ոտքերը գետնին խփել, մեկն էլ ասաց` «գնաք բոլորդ կոտորվեք, որ մեզ ձեզ հետ չեք վերցնում»: Մենք զոհեր տվեցինք, նահանջի հրաման եղավ: Այդ ժամանակ հրամանատարն ասաց` «սա են լակոտի անեծքն էր»,-ժպիտով հիշեց Աիդա Սերոբյանը:
Նա նաեւ ասաց, որ կռվողները երազում էին բանակի մասին, որովհետեւ չունեին զենք-զինամթերք. «Եղել է, երբ հսկայական խրամատում 40 հոգով էինք մնացել ու ստիպված էինք զոհվածների ավտոմատները շարել, վազել ու տարբեր կողմերից կրակել` մեծաքանակ թշնամուն դիմակայելու համար, մինչեւ օգնություն կհասներ: Իսկ հիմա հզոր բանակ ունենք: Ինձ ուրախացնում է այն, որ մեր նախագահը, ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանության նախարարները պատերազմի դաժան քառուղիներով անցած մարդիկ են»:
Կարդացեք նաև
Զարուհի Շամյանի դուստրը` Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բ. գ. թ. Արմենուհի Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ մեր սերունդը լավն է եւ գիտի, թե ինչ է նշանակում հայոց երկիր եւ հայոց հող: «Երբ աշակերտներիս ծնողները գնում են զորամաս, նրանց հետ գրքեր եմ ուղարկում: Հարկավոր է հասկանալ, որ ընտանիքում արժեքը ոչ թե բրենդային շորերն են, այլ գրքերը»,-հավելեց ուսուցչուհին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ