Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ-ն չի մտնում տզրուկների ցուցակի մեջ» (Տեսանյութ)

Հունվար 28,2013 16:13

Այսօր «Ելակետ» ակումբում ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Սերժ Սարգսյանին «Մարտի 1»-ից հետո շնորհավորելու ու հետո ընդդիմություն խաղալու համար՝ ասելով, որ նա Սերժ Սարգսյանի ենթական է, բաժակ է բարձրացրել նրա հետ, ենթարկվում է նրան եւ այլն. «Նա դեմագոգիայի պայծառագույն դաս տվեց: Երկրորդ տեղը պետք է գրավի Րաֆֆին, որովհետեւ հեռուստատեսությամբ սուտասան սոցիոլոգն ասեց 20 տոկոս: Ինչպես հայտնի է, երբ որ գալիս-ասում են, ճշգրտորեն թվերը պահպանվում են»:

Հարցին՝ բա Հայ ազգային կոնգրե՞սը ինչ արեց՝ ԲՀԿ-ին քննադատելով ու հետո ԲՀԿ-ի հետ համագործակցելով՝ նա պատասխանեց. «Այսինքն՝ դուք զուգահեռներ տարաք այն բարձրացված բաժակի, բեղիկների ու լայն ժպիտի եւ դրա միջե՞ւ: Դուք ինձ տեսե՞լ եք, որ ես համագործակցեմ ԲՀԿ-ի հետ: Ես ՀԱԿ անդամ եմ եւ միշտ ասել եմ՝ ցանկացած մարդ, եթե վաղը ասի, որ դեմ է այս իշխանություններին, իմ բարեկամը կլինի, իմ ընկերը կդառնա»:

Դիտարկմանը, որ «Մարտի 1» կա եւ ցուցակ կա, նախկինում «Մարտի 1-ի» մեղավորների մեջ ՀԱԿ-ը հնչեցնում էր նաեւ ԲՀԿ-ի անունը, դա մոռացա՞նք՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ոչ: Չմոռացանք: Դուք այդ փաստը գիտե՞ք, որ ԲՀԿ-ն «Մարտի 1»-ով, սպանություններով մեղք ունի: Ես նման բան չեմ ասել, ոչ էլ ՀԱԿ-ը: Դա եղել է ընդամենը մի փաստաթուղթ, որը մեր Անդրանիկ Քոչարյանը հրապարակել է, որտեղ նշված է, որ այս-այս մարդիկ զինվորական համազգեստ են ստացել: Բայց ես ի՞նչ իմանամ, միգուցե այդ փաստաթուղթը…անվտանգությունում գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ դեզինֆորմացիա: Այսինքն՝ ճիշտ ուղուց շեղելու համար, որպեսզի հարվածի իմ ուղղությունը շեղեք  դեպի ԲՀԿ-ն, դուք ինչ-ինչ ճանապարհով  հասցրել եք ինձ, որ ես այդպես մտածեմ: Դա չապացուցված փաստ է: Բայց «Մարտի 1-ի» փաստը, գնդակահարությունները ապացուցված են»:

Հարցին՝ հիմա ԲՀԿ-ն կապ չունի՞ այսինքն «Մարտի 1-ի» հետ՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Այ եթե դուք ինձ իշխանություն տաք, ես ձեզ խոստանում եմ մի շաբաթ հետո ասել՝ ԲՀԿ-ն մասնակից եղե՞լ է «Մարտի 1-ի», թե՞ ոչ: Բայց քանի որ մենք նախաքննության, հետաքննության իրավունք չունենք, մենք կարող ենք ենթադրությունների դաշտում ասել, իսկ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար միանշանակ կարող ենք ասել: «Մարտի 1-ի» զոհերի արյունը նրանց վրա է, դա ուղիղ կարող ենք ասել: Ամեն քառակուսին լուսանկարված, հանված է՝ դեմքերով, զենքերով»:

Aravot.am-ի հարցին՝ լավ, ապացույցներ չկա՞ն, որ ԲՀԿ-ն «Մարտի 1-ի» հետ կապված մասնակցություն ունի, իսկ ապացույցներ կա՞ն, որ երկրում օլիգոպոլիայի ձեւավորման մեջ ներդրում ունի՝ Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց. «Դուք ամբողջ 40 ընտանիքի մեջ առանձնացնում եք մեկ ընտանիքը, խոսում եք 39-ը մի կողմից՝ 1-ի պարագայում: 39 ընտանիքը, որ տզրուկի պես կեղեքում է իմ երկիրը, հիմա դուք պարտադիր ուզում եք, որպեսզի ես ձեզ պատասխանեմ՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է տզրուկների մեջ, թե՞ ոչ, այո՞»: Մեր դրական պատասխանին, որ այո, ուզում ենք ստանալ այդ հարցի պատասխանը՝ ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ես էլ ասում եմ՝ ոչ, չի մտնում»:

Մենք հիշեցրինք, որ ՀԱԿ-ը համագործակցում է ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ ղեկավարի ընտանիքը՝ Ռոզա Ծառուկյանը գտնում է, որ «բաշարում են, հարկեր» չեն տալիս: Այս առնչությամբ Գուրգեն Եղիազարյանը արձագանքեց. «Տարիներ առաջ…Ռոզա Ծառուկյանին հանգիստ թողեք: Այսօր խոսեք այսօրվա՛ մասին: Խոսեք ձեր թեկնածուի մասին, խոսեք, թե ինչ է կատարվում: Խոսեք, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը եւ ինչ էր խոստանում, որ չի արել: Խոսեք այս մասին…ոչ թե տարիներ առաջ Ռոզա Ծառուկյանի այն ասածը, որ ասել է, թե՝ հարկեր տանք, որ գնա ղումարով կրվի՞: Էդ մոռացանք, հիմա խոսենք, թե ինչ է արել: Զե՞րծ է պահել մեզ օլիգարխներից, զե՞րծ է պահել մոնոպոլիստական կապիտալիզմից, թո՞ւյլ է տվել, որ Հայաստանի քաղաքացին ապրի երկրում օրենքի սահմաններում: Եկեք սրա մասին խոսենք: Իսկ դուք ուզում եք, որ ես պարտադիր ԲՀԿ-ին մի բան ասեմ: Չէ, չե՛մ ասելու»:

Հարցին, թե ինչու Բագրատյանին չեք սատարում՝ ՀԱԿ անդամն այսպես պատասխանեց. «Ոչ մի վատ բան չեմ ասելու Հրանտ Բագրատյանի մասին, որովհետեւ պատմություն կա, 5 տարի միասին պայքարել ենք: Այ դրա համար չեմ ասելու»: Մեր հարցին՝ այսինքն՝ ասելու վատ բան կա, բայց չե՞ք ասում՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց «no comment»-ով:

Ո՞վ է լինելու Ձեր առաջնորդը՝ հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիքը՝ նա պատասխանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031