Հունվարի 29-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, կսկվի ԱԺ նախկին աշխատակից, լրագրող Գոհար Արշակյանի դեմ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցի քննությունը:
ԱԺ 4-րդ գումարման լիազորությունների ավարտման օրը` 2012թ.մայիսի 31-ին լուծվել է Գոհար Արշակյանի աշխատանքային պայմանագիրը: Նա ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնականն էր:
Նա հունիսի 1-ին դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոն՝ գործազուրկի կարգավիճակ ու նպաստ ստանալու համար: Մի քանի օր հետո ներկայացել է կենտրոն, որտեղ մերժել են հաշվառել: Պատճառաբանել են, թե աշխատանքային գրքույկում հայտնաբերվել է, որ Գ.Արշակյանը 16-17 տարի առաջ` 1995-1997թթ. եղել է նպաստառու գործազուրկ և միաժամանակ աշխատել է Հայաստանի պետական՝ Հանրային հեռուստատեսությունում: Ըստ նախնական հաշվարկի, պարզել են, թե իբր Գ.Արշակյանը 34 000 դրամ պարտք է, որը մինչեւ չվերադարձնի՝ չեն գրանցելու ու նպաստ չեն նշանակելու:
«Ցույց տվեցի 04.04.2001թ. իրենց իսկ կատարած գրառումը, որ ինձ դրամական օգնություն են նշանակել, փորձեցի բացատրել, որ այդ ժամանակ ես 2-րդ անգամ էի դարձել գործազուրկ և իրենք ինձ նպաստ չեն նշանակել, երբ օրենքը նախատեսում է 1 տարվա աշխատանքային ստաժը բավարար է մարդուն վերահաշվառելու և նպաստ տալու համար, հետևաբար, ես ավելի շատ եմ տուժել: Բնական է, ես 2001թ. օրենքներն այնպես չգիտեի, ինչպես այսօր: Սկսեցին ինձ համոզել, որ հեռուստատեսությունում աշխատած ստաժն իբր գրանցվել է 23.05.2002 թ.-ից հետո: Սա առնվազն զրպարտություն է»,- այսօր մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Գ.Արշակյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե ինչպես է Գ.Արշակյանը դարձել գործազուրկ, նա պատասխանում է. «Ցերեկային ասպիրանտուրան ավարտելուց հետո նոր էի աշխատանքի վերականգնվել ԳԱ ԵԻՍԻ-ի Գեոմեխանիկայի լաբորատորիայում, երբ թեմայի չֆինանսավորվելու պատճառով այն փակվեց և 01.05.1995թ. դարձա գործազուրկ: Նույն ամսին էլ ներկայացա Երևանի գործազրկության կենտրոն: Միայն 5 ամիս 8 օր հետո, ոչ իմ մեղքով, հաջողվեց ` 09.10.1995թ. ինձ, որպես գործազուրկ, հաշվառվել հերթերով ծանրաբեռնված Երևանի զբաղվածության կենտրոնում: Եթե հիշում եք` այդ դժվարին տարիները լի էին զրկանքներով. նոր էր կատարվել դրամափոխությունը, չկար լույս, գազ, տրանսպորտը գրեթե չէր աշխատում: 1994թ. հունվարի 18-ին, 38-ամյա ամուսինս սրտի ինֆարկտ և ուղեղի կաթված տարավ ու իմ 2 անչափահաս երեխաներս ակամայից դարձան 3-ը: Մեզ հաջողվեց փրկել ամուսնուս, նա դարձավ 2-րդ խմբի, իսկ 10 տարի անց` ցմահ հաշմանդամ»:
1994թ. կեսերից Գ.Արշակյանը թղթակցել է Հանրային հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրին, որպես արտահաստիքային թղթակից:
Գ.Արշակյանը տեղեկացնում է, որ վերջին 7-8 տարին տառապում է գոտկատեղի օստիոխոնդրոզով և ուռուցքային հիվանդությամբ, 2010թ. դեկտեմբերի 9-ին վիրահատվել է Ֆանարջյանի անվան հակաուռուցքաբանական կենտրոնում և կարող էր այդ ժամանակ էլ անցնել թոշակի և ընդհանրապես չէր առնչվի զբաղվածության կենտրոնի հետ ու երկու տարի էլ թոշակը չէր նվիրի պետությանը: Նա դատարանին է ներկայացնելու հակընդդեմ հայց: Գ.Արշակյանը ասում է, որ հղում է անելու «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության սոցիալական պաշտպանության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներին, եւ միջնորդելու է, որպես պատասխանող ներգրավել նաեւ Հանրային հեռուստաընկերության կադրերի բաժնի վարիչին, որպես հարակից պատասխանող:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ