«Երիտասարդական ալիք» հ/կ-ն իրականացնում է «Երիտասարդության ձեռներեցության զարգացում» ծրագիրը
«Երիտասարդական ալիք» հ/կ նախագահ Ռազմիկ Սարդարյանի (լուսանկարում)կարծիքով՝ մերօրյա երիտասարդների մոտ մեծ է ձգտումը սեփական գործ սկսելու համար:
Նրա ղեկավարած հ/կ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերն են ցանկանում սեփական գործ հիմնել, բայց չգիտեն` ինչից ու ինչպես սկսել:
«Եթե մի քանի տարի առաջ ձգտում կար լավ աշխատավարձով աշխատանք գտնելու, ապա ներկայումս երիտասարդության շրջանում արդեն առկա է ձգտումը ձեռներեցությամբ անձամբ զբաղվելու, ուղղակի չգիտեն՝ ինչպես սկսել, ինչից սկսել, եւ ինչ անել, որ արդյունավետ լինի, փորձի, հմտությունների պակաս ունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է Ռազմիկ Սարդարյանը:
Կարդացեք նաև
Այդ իսկ պատճառով էլ «Երիտասարդական ալիք» հ/կ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդության ձեռներեցության զարգացում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի երիտասարդների ակտիվությունը ձեռներեցության բնագավառում եւ ձեւավորել երիտասարդական ձեռներեցության մասին դրական պատկերացում` որպես սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական գործոն:
«Ծրագիրը իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում մենք Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում եւ Վանաձորում անց ենք կացրել հանրային քննարկումներ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ, վեր ենք հանել ձեռներեցության զարգացման հետ կապված խնդիրները, եւ լրամշակել դասընթացի համար նախատեսված թեմաներ »,-ասում է հ/կ-ի նախագահը:
«Երիտասարդների գործարար հմտությունների զարգացում» ուսուցողական դասընթացին հետեւելու է գործարար առաջարկների մրցույթը, որի ժամանակ էլ պարզ կդառնան երեք հաջողված ծրագրային առաջարկները:
«Դասընթացից հետո միայն դասընթացի մասնակիցները, կիրառելով ձեռք բերած գիտելիքները, հնարավորություն կստանան դիմել ծրագրային առաջարկով, իրենց գաղափարները ներկայացնել պատրաստի հայտի ձեւով, եւ մենք հանձնաժողովի անդամներով կքննարկենք բոլոր հայտերը, եւ ներկայացված հայտերից ամենահաջողված երեք լավագույն առաջարկները կխրախուսվեն դրամական պարգեւներով »,-տեղեկացնում է Ռազմիկ Սարդարյանը:
Ըստ նրա` այս ծրագիրը երիտասարդներին կզինի համապատասխան գիտելիքներով ու հմտություններով, որպեսզի նրանք ամուր հիմքեր ունենան սկսելու սեփական գործը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ