Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանից վախենում էին, Սամվել Բալասանյանի մոտ «մուննաթով» մտնո՞ւմ

Հունվար 28,2013 15:13

Aravot.am-ը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց` իր համար ԱԺ պատգամավորի կարգավիճա՞կն էր լավ, թե՞ Գյումրու քաղաքապետի պաշտոնը: Մեզ հասած տեղեկություններով, Սամվել Բալասանյանը սկզբում բավականին ոգևորված ու սիրահոժար համաձայնել է ստանձնել Գյումրու քաղաքապետի պաշտոնը, սակայն ընթացքում տեսնելով դժվարությունները, նաև բյուջեում փող չլինելն ու սեփական գրպանից որոշակի ծախսեր անելը, ինչ-որ տեղ փոշմանել է:

Մենք քաղաքապետին խնդրեցինք հնարավորինս անկեղծ պատասխանել մեր հարցին: «Ձեզ ասեմ, ես համարում եմ, որ Գյումրու քաղաքի քաղաքապետը Հայաստանի Հանրապետության ամենադժվարին աշխատանքն է, որովհետև այն և վարչական, և տնտեսական, և նաև ծառայողական, այսինքն՝ «Համայնքների Ծառայության» մասին օրենքով, «Վարչական վարույթի» և ՏԻՄ օրենքի հետ կապված կոորդինացնում է: Եթե իրականում ինձ նման, այսինքն՝ իմ մտածելակերպով համայնքի ղեկավարները հիմա աշխատեն, շատ լավ կլինի: Ես ասացի, որ կայացնելու եմ ավագանու ինստիտուտը, բազամակարծության ինստիտուտ կայացնել քաղաքում, դա շատ բարդ խնդիր է: Տնտեսական նման պատկեր ու պրոբլեմներ ունեցող քաղաքում աշխատելը շատ բարդ խնդիր է: Չհաշված՝ հիմա ես քաղաքապետ եմ, շատ անկեղծ եմ ասում, ինչքան ընկեր, ծանոթ, բարեկամ ունեմ, բոլորն ասում են` տեղավորվենք քաղաքապետարանում աշխատանքի, անհնարին է, չէ՞, բայց որպեսզի ես ճիշտ դուրս գամ, ասել եմ` մրցույթ արեք, մասնակցեք, սա հարցաշարը, եկեք մասնակցեք, կարո՞ղ եք անցնել, անցեք ու կարողացեք աշխատել: Այստեղ պետք է մասնագետներով համալրել: Ինչքան ուզում են բամբասեն՝ սա իմ բարեկամն է, նա չգիտես քավորն է, սանիկն է, եթե մասնագետ է, թող լինի իմ տղան կամ չգիտեմ իմ բարեկամի տղան, ի՞նչ վատ է: Մասնագետներ են պետք, որպեսզի կարողանան կայացնեն էս ինստիտուտները, սրանք ամեն մեկը, օրինակ` ասենք ներքին աուդիտ, սրանք մասնագետ են, դա կարող է լինել բարեկամը: Եթե ասենք բարեկամ է, ուրեմն իրավունք չունի՞ աշխատելու, թող լինի լավ երիտասարդ, որը Եվրոպայում է սովորել, եկել է, թող գա արտաքին հարաբերություններում, մենք հայտարարել ենք, իր փաստաթղթերը ներկայացնի, աշխատի, ես միայն ուրախ կլինեմ: Մենք պետք է կայացնենք, ասում է` եթե եկել ենք, ուրեմն պետք է կայացնենք, եթե չկարողացանք, կասենք՝ ժողովուրդ ջան, շատ կներեք ինձ, ես չեմ կարող աշխատել: Եթե աշխատավարձի էս ծանր իրավիճակից աշխատավարձի նման պարտքեր փակելով` հասել ենք էստեղ, ուրեմն կկայացնենք, եթե տեխնիկա չունենալով մենք կարողացանք աղբահանություն կազմակերպել և փողոցները մաքրել, ուրեմն մյուս տարի իդեալական է լինելու ամեն ինչը, չեմ ասում 100 տոկոսով, 100 տոկոսով բան չկա, բայց լինելու է, և պետք է օգնի ժողովուրդը»:

Հարցին այսպես պատասխանելով` քաղաքապետը նեղվեց, որ ընդհակառակը գյումրեցիները վիճակն ավելի են բարդացնում, օրինակ, ասենք, իրենց դռան դիմացի աղբը շպրտում են փողոց: «Ամեն առավոտ ես բարձրանում եմ 16 փողոցով, մի տեղ կա, որ մեկը բերում է իր աղբը ամեն առավոտ փողոցի մեջտեղը շպրտում է: Լավ էլի, ինչի՞ համար, չի կարելի , ինչի՞ համար, մարդիկ փոխանակ օգնեն գեղեցիկ քաղաք ունենանք… Ասենք՝ որոշում ենք լավ, երգող ֆանտան ունենանք, ի՞նչ վատ կլինի, որ մեր ֆանտանը երաժշտությունով, գեղեցիկ լուսավորված լինի, ի՞նչ վատ կլինի լավ լուսավորված լինի մեր հրապարակը: Տեսեք ինչ լավն էին մեր Նոր տարվա միջոցառումները, լուրջ ակտիվություն կար, ինչ-որ փոփոխություն կար: Էդ որ ասում էին բարոյահոգեբանական փոփոխություն, այսօր բոլորը խոսում են, այսօր գալիս են, ասենք Շինարարության կամ Ճարտարապետության բաժին` հարաքյաթով: Առաջ վախենալով են ներս մտել, հիմա հարաքյաթով, ես ուրախ եմ մենակ, ես ասել եմ մեկ պատուհանի գաղափարը դնելու եմ անպայման, երևի երկու ամսվա ընթացքում կլինի, «թեժ գիծը» լինելու է, տեսեք կամաց-կամաց կարգավորելու ենք բաժինները` մրցույթներով, անելու ենք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է»:

Մեր ճշտող այն հարցին, թե Ձեր պատասխանից ենթադրենք, որ ԱԺ –ում ավելի հե՞շտ էր, քաղաքապետն ասաց. «Դե, բնականաբար, ավելի հեշտ էր ԱԺ-ում, ինչի՞ մասին է խոսքը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031