«Ես ունեմ երկու նախընտրելի երգիծաբան՝ Պարոնյան, Զոշչենկո: Ավելացել է երրորդը՝ խումբ է մարդկանց՝ դրանք նախագահի թեկնածուներն են: Զավեշտի երկիր Հայաստանս: Եթե ուզում եք մի լավ թոքով ծիծաղել, լսեք, թե նախագահի թեկնածուներն ինչի մասին են խոսում»,- այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նա ներկայացրեց, թե նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի մասին ինչ տպավորություն ունի. «Անդրիասը, ի տարբերություն երկու զավեշտալի թեկնածուների, նստել է, եւ ասում է՝ ինչու է նստել: Մյուսն Արամն է: 8 մլն-ը վճարեց, քայլեր է անում, հուսամ, որ այդ քայլերն ազնիվ են: Էպոսագետը ինձ համար լրիվ մութ անտառ է: Մեկ ա, դուք թողնեք, չթողնեք, էս անգամ Սերժ Սարգսյանը հալալ-զուլալ դառնալու է նախագահ: Զավեշտն այնտեղ է հասել, որ այսօր Սերժ Սարգսյանն է սկսել գովալ իր ընդդիմախոսերին, ասում է՝ չէէէ, բավականին լուրջ մարդիկ են, լուրջ մրցակիցներ են: Անդրիաս Ղուկասյանը, ի տարբերություն լուրջ քաղաքական այն գործչի, ի լուր աշխարհի ասում է՝ ինչ է պահանջում: Պահանջում է արդար ընտրություններ: Եթե մենք ուզում ենք իրականում, որ այս ընտրությունները լինեն արդար, ուղղակի երկրորդ օրը ընտրության, պատերին փակցնում ենք այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր եկել են ընտրության, եւ կտեսնենք, որ 1.4 մլն-ից 500 հազար մարդ չի մասնակցել ընտրության: Մի բան ենք անում՝ ցուցակները տպում են, այս կապիկությունները, մայմունությունները թողնում ենք: Տեսնում ենք ցուցակները, ասում ենք՝ հալալ է Սերժ Սարգսյանին: Թե չէ ո՞նց հասկանանք, որ Թոխմախի գյոլից եկան, քվեարկեցին, գնացին, ոչինչ, որ 10-20 տարի առաջ է մահացել»:
Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ պայքարը երկրորդ տեղի համար է. «Ես ափսոսում եմ Հայրիկյանի համար: Ափսոսս գալիս է, նա պետք է իրեն թույլ չտար մասնակցեր այս թատրոնին»:
Հարցին՝ ՀԱԿ-ը կամ դուք ի՞նչ եք անում, որ երկիրն այս վիճակից հանեք՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ահագին բան արեց, ահագին ականներ հանեց, վնասազերծեց: ՀԱԿ-ն էլ ահագին բան արեց, որ դաշտը ականներից զերծ մնա»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում կատարել է լրջագույն բացթողումներ: Նրա «Առաջ Հայաստան» լոզունգը վերածվեց նահանջի: Նա ինչ ասել է՝ հակառակն է արել:
Ըստ ՀԱԿ անդամի, Սերժ Սարգսյանին հիմա բոնուս շանս են տվել. «Թող մարդավարի, առանց կեղծիքների, առանց մարդկանց Ա կետից Բ կետը տեղափոխելու, եթե ընտրություններ արեց, մենք հանգիստ սպասելու ենք, որ այս վիճակից երկիրը հանի, կանգնեցնի արտագաղթը: Թող ցուցակ չկազմեն, նորմալ ընտրություններ անցկացնեն, ով որ հեռագիր չի տա, չի շնորհավորի, թող շան տղա լինի»: Ինքը՝ պարոն Եղիազարյանը չի գնալու ընտրություններին ու չի օգտվելու Սահմանադրական իր իրավունքից, որովհետեւ, նրա բացատրելով՝ Սահմանադրությունը, ամեն ինչը հիմա Սերժ Սարգսյանն է:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին՝ քաղաքացիական փաստաթղթի: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Նիկոլին շատ եմ հարգում, ՀԱԿ անդամ է, լավ կլիներ, որ այդ գաղափարները հնչեին ՀԱԿ-ի անունից»:
Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ-ը կա՞, գոյություն ունի՞, ովքե՞ր են հիմա մնացել կազմում, ինչո՞վ են զբաղվում՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես ՀԱԿ-ից եմ, լսում եմ ձեզ: Մենք բոյկոտում ենք ընտրությունները»:
Մեր դիտարկմանը, որ այսօր ասուլիսում Հրանտ Բագրատյանն ասաց, որ այնքան էլ այնպես չի, թե ՀԱԿ-ը չի մասնակցում ընտրական գործընթացներին, ՀԱԿ-ի կեսը՝ ներքեւները սատարում են իրեն՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես այդ հաշվապահությունից տեղյակ չեմ: Միգուցե այս երկու օրը ՀԱԿ-ից բոցաշունչ ելույթներ լինեն արդեն, որ սատարում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ