«Երիտասարդական պալատը ոչնչացվեց, որովհետեւ գնվեց մասնավոր անձի կողմից եւ սեփականաշնորհվեց: 2000 թթ. արվեց այն, ինչ ցանկանում էր սեփականատերը: Այդ շենքը մշակույթի կենտրոն էր, եւ այդտեղից քար հանելը նշանակում էր` ավերել մշակույթի հիմքերը»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Երիտասարդական պալատի հեղինակ, վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանը:
Նրա խոսքով` «Խոսակցություն է եղել, թե սեփականատերը ժամանակին դիմել էր Ռոբերտ Քոչարյանին` շենքի տեղում հինգ աստղանի հյուրանոց կառուցելու նպատակով: Ռ. Քոչարյանն էլ ասել էր, թե` քանդիր, եթե ավելի լավն ես կառուցելու: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից կազմվեց փաստաթուղթ, համաձայն որի` Երիտասարդական պալատն այնպիսի վթարային վիճակում է, որ պետք է քանդվի: Բայց նմանատիպ վիճակում է, ասենք, Մայր Աթոռը: Ինչ է` պետք է քանդե՞նք, հակառակը` պահպանել է պետք»:
Ճարտարապետն ասաց, որ Երիտասարդական պալատի տեղում նոր կառույցի նախագծի համար երկու տարի առաջ մրցույթ հայտարարվեց, որին բազմաթիվ մասնակիցներ եղան. «Մրցույթը շահեց ճապոնացի ճարտարապետի նախագիծը, որը հետագայում ի չիք եղավ: Քաղաքապետարանը այս տարի նամակներ գրեց բոլոր կիսակառույցների տերերին, որպեսզի պարզեն իրենց շինությունների բախտը: Սեփականատերերի մի մասը ներկայացավ, բայց շինություններն այդպես էլ մնացին: Զարմանալի է հանրության համբերությունը»:
Պողոսյանի խոսքով. «Երիտասարդական պալատի տեղում հիմա բազալտի շահագործման հանք է: Մեքենան քանդում է, բազալտի խիճն էլ` վաճառվում: Քաղաքի կենտրոնում հանքավայր է գործում: Հիմա եթե դա Թռչկանում լիներ, «ղալմաղալ» կանեին, բայց քաղաքն էլ ուշադրության կարիք ունի»:
Կարդացեք նաև
Խոսելով առաջիկա նախագահական ընտրություններից` Հրաչիկ Պողոսյանը զարմանք հայտնեց այն թեկնածուների վերաբերյալ, ովքեր, ճարտարապետի խոսքով, առանց համապատասխան փորձի ցանկանում են նախագահ դառնալ. «Նա, ով անգամ փոքրիկ հիմնարկ չի ղեկավարել, ինչպե՞ս կարող է երկիրն իր ձեռքում պահել»,-հավելեց բանախոսը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ