Հայտարարություն
Նախագահական ընտրություններին ընդառաջ տոնվում է Հայկական բանակի կազմավորման 21-ամյակը: Հերթական տարեդարձը դիմավորում ենք զինված ուժերում մարդկային նոր զոհերով ու մարդու իրավունքների հետ կապված լրջագույն մտահոգություններով: Այդ մտահոգությունները առավել խորանում են՝ ի տես զինված ուժերի հրամանատարության կողմից արմատական բարեփոխումների կամքի բացակայության:
Մինչ ներկայիս գերագույն գլխավոր հրամանատարը հավակնում է շարունակել պաշտոնավարել եւս հինգ տարի, շարունակվում են նրա ղեկավարած զորքերում հանցավոր անտարբերության, բռնության, խոշտանգումների, ճնշումների եւ մահվան դեպքերը: Չնայած ապահովության եւ անվտանգության մասին անընդհատ հնչող հայտարարություններին եւ լոզունգներին, միայն անցած տարվա ընթացքում հայկական բանակում ոչ մարտական պատճառներով զոհվել է 48 զինծառայող, իսկ 2013-ի առաջին 28 օրում արդեն իսկ արձանագրվել է մահվան չորս դեպք:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է իշխանությունների անգործությունն ու անկարողունակությունը՝ հաղթահարելու խնդիրները եւ հիմնովին վերափոխելու բանակը: Այս հիմնախնդրի հետաձգումը հղի է նորանոր կորուստներով եւ դժբախտություններով:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին եւ նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուներին բարձրաձայնել բանակի խնդիրները եւ հանդես գալ բանակի իրական բարեփոխումների եւ դրանց իրականացման մեխանիզմների մասին ծրագրային առաջարկություններով:
Լրատվամիջոցներին հորդորում ենք բանակի խնդիրների մասին հարցադրումներով դիմել նախագահի թեկնածուներին եւ հետամուտ լինել ընտրարշավի ընթացքում այդ թեման հետեւողականորեն լուսաբանելուն:
Երկիրը չի կարող լինել ապահով, քանի դեռ ապահովված չեն նրա պաշտպանների իրավունքները:
Բանակը պաշտպանված ու հզոր է այնքանով, որքանով պաշտպանված են յուրաքանչյուր զինվորի իրավունքները:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն