Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը չասաց, թե ՕԵԿ-ը քանի՞ ձայն է տալու Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Հունվար 28,2013 13:52

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում վերլուծելով  նախագահական քարոզարշավի անցած փուլը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, որ իրենց հանդիպումների ժամանակ հանրության կողմից ակտիվություն է նկատել: Ըստ նրա, հանրությունը հատկապես ակտիվություն է դրսեւորում թեկնածուների ծրագրերին ծանոթանալու առումով, նաեւ ակնկալվող փոփոխությունների:

Շահգելդյանի դիտարկումից լրագրողներն ընդվզեցին, քանի որ քարոզարշավի լուսաբանումների ժամանակ, համենայնդեպս, նման ակտիվություն չեն տեսել: Ավելին, ՀՀԿ-ի դահլիճային հանդիպումներին ներկա են լինում բացառապես ՀՀԿ-ականներն, այն էլ՝ ընտրովի. մարդիկ, ովքեր անակնկալներ չեն մատուցի: «Երբ ես ասում եմ՝ մենք շփվում ենք, մենք շփվում ենք քաղաքացիների հետ: Դրանք իմ անձնական տպավորություններն են»,- ասաց ՕԵԿ փոխնախագահը: Լրագրողներից մեկի հարցին՝ որտե՞ղ են այդ հետաքրքրված բնակիչները, ՕԵԿ փոխնախագահն ասաց. «Եթե հանդիպում եք եւ մարդիկ հարցադրումներ են անում, խնդիրների լուծման ճանապարհներ են ուզում ստանալ»:

Ապա լրագրողները վկայակոչեցին նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության նախնական դիտարկման արդյունքները, որտեղ նույնպես ամրագրված են ընտրությունների նկատմամբ հանրության հետաքրքրության պակաս: Լրագրողները նաեւ նկատեցին., որ տպավորություն կա, թե ՀՀԿ-ն հատուկ բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի վարկանիշը՝ ապահովելու իրեն հարմար մրցակցային ընտրություն: «Ես չեմ կարծում, որ որեւիցէ մեկի վարկանիշն արհեստականորեն բարձրացվում է ՀՀԿ-ի կամ մեկնումեկի կողմից: Մարդիկ ունեն այն վարկանիշն, ինչ որ ունեն: Այս քաղաքական գործիչների գործունեությունն անցել է ձեր աչքի առաջ: Նրանք երկար տարիներ է ՀՀ քաղաքական դաշտում են»,- ասաց Մհեր Շահգելդյանը՝ վստահեցնելով, որ այժմ հնարավորություն ունենք ավելի լավ ընտրություններ անցկացնելու եւ քայլ առ քայլ առաջ տանելու խորհրդարանական, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված առաջընթացները:

Yerkir.am-ի թղթակցին հետաքրքրում էր, թե այժմ քանի անդամ ունի ՕԵԿ-ը՝ հասկանալու համար, թե քանի ձայն ունի ՀՀԿ թեկնածուն: Մհեր Շահգելդյանը խուսափեց հարցին հստակ պատասխանել՝ պատճառաբանելով, որ այդ հարցերին իրենք անդրադարձել են, ռեֆորմ են իրականացրել կուսակցությունում եւ այժմ ՕԵԿ-ում մարդիկ են, որոնց կարծիքները ՕԵԿ-ի կարծիքն է՝ գաղափարախոսություն կրող: «Այդ հարցը մեզ պարբերաբար տրվում է, այդ մասին համագումարի ժամանակ խոսեցինք: Կա յուրօրինակ հետաքրքրություն այս հարցի վերաբերյալ, դուք պարբերաբար տալիս եք այդ հարցը: Համագումարին պատասխանել ենք այդ հարցերին»,- ասաց բանախոսը:

Մեկ այլ հարցի էլ պատասխանելով ասաց, որ կոռեկտ չի համարում հարցադրումը՝ ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին նույնականացնելու մասին. «ՕԵԿ-ն այսօր սատարում է Սերժ Սարգսյանին եւ իրականացնում է քարոզաշավի իր հատվածը: Մեզ դիմում են որպես ՕԵԿ: Կարող է՝ դիմեն, որպես կոալիցիայի ուժ՝ ընդհանուր վարվող քաղաքականության շրջանակներում: ՕԵԿ-ին միշտ դիմում են որպես ՕԵԿ»:

ՕԵԿ-ի համար ընդունելի չէ այն թեկնածուների մոտեցումը, որոնք ի սկզբանե կասկածի տակ են դնում ընտրությունները:

Իսկ ընտրություններից հետո ՕԵԿ-ն այլ պորտֆելներ չի ակնկալում, համենայնդեպս, Մհեր Շահգելդյանն ասաց, որ այդ մասին խոսակցություններ չեն եղել, իրենք էլ նման խնդիր չեն դնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031