«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հրազդանի տարածաշրջանում բաց եղանակով, մետաղական հանքերի ուսումնասիրման ու շահագործման արտոնագրեր տրամադրելու համար:
Նամակը հետևյալն է՝
Հայաստանի Հանրապետության նախագահ
պ-րն Սերժ Սարգսյանին.
Կարդացեք նաև
Հարգարժան պարոն նախագահ,
Հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունահանման գործընթացները բուռն զարգացման փուլում են, ինչի խթանը ոլորտը կարգավորող օրենքների ազատականությունն է:
Այսօր, միայն Հրազդանի տարածաշրջանում, բաց եղանակով, մետաղական հանքերի ուսումնասիրման ու շահագործման արտոնագրեր են ստացել առնվազն տասը նախաձեռնողներ, այդ թվում `
- Հրազդանի երկաթահանք
- Թեժ լեռան նեֆելինային սիենիտների (ալյումինի հանք)
- Հանքավանի մոլիբդեն
- Սառնաղբյուրի
- Զառի
- Արջասարի
- Լուսաջուրի
- Հարավային և
- Նոր տեղամասերի ոսկու հանքերը
Այս հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում Հրազդանից Հանքավան ընդամենը 35 կմ ձգվող Մարմարիկ գետի գեղատեսիլ ավազանը մոտ ապագայում կարող է վերածվել մեռյալ գոտու, այն դեպքում, երբ տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող
- Կովկասյան մրտավարդենու
- Հանքավանի ջրաբանական (միջազգայնորն ճանաչված եզակի միջավայր)
- Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը և
- Դիլիջանի ազգային պարկը:
Ավելացնենք նաև, որ ձորը հանդիսանում է նշանակալի հանգստյան և առողջարանային գոտի, որտեղ կառուցված են մի քանի տասնյակ հանգստյան տներ, ճամբարներ, իսկ հանքային ջերմային ջրերի ու ցեխերի բազայի վրա գործում են առողջարաններ: Ձորին հարակից է զբոշաշրջային կայացած իմիջ ունեցող, արդեն հարյուրավոր միլիոններ կլանած, ընթացիկ ու ակնկալվող բազմամիլիոնանոց ներդրումներով Ծաղկաձոր քաղաքը: Վերջերս Ձեր ձեռամբ բացվեց Մարմարիկի հսկայական ջրամբարը, որի ջրերի ծփանքը, անկասկած, նոր հմայք ու գրավչություն են հաղորդում արդեն եղածին:
Փաստենք, որ տարածաշրջանի գյուղերին բնորոշ է զարգացած անասնապահությունը՝ շնորհիվ հարուստ արոտավայրերի ու խոտհարքների, իսկ Մարմարիկ գետի գետաբերանին հարող դաշտավայրը` կաղամբի, կարտոֆիլի ու այլ բանջարաբոստանային մշակաբույսերի եզակի շտեմարան է:
Բնական միջավայրի անաղարտ պահպանությանը միտված մեր նկատառումները վերը նշված հանքավայրերի շահագործումը նախաձեռնողների և պետական պատկան մարմինների, առանձին-առանձին հասարակական լսումներ հրավիրած տնտեսվարողների կողմից չեն ընկալվում, քանի որ չեն ընդգրկում բոլոր հանքերի շահագործման ամբողջական վնասները: Անգամ ամենաբացասական եզրահանգումների պարագայում դրանք գործընթացների վրա վճռորոշ ազդեցություն չեն ունենում` ոլորտը կարգավորող օրենսդրության անկատարության պատճառով:
Նշված բոլոր հանքերի շահագործման արդյունքում, բնապահպանական առումով տարածաշրջանային աղետը կանխելը կդառնա անհնարին, ինչը հասարակության մեջ լուրջ մտահոգություններ է առաջացնում:
ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Հայաստանի Հանրապետության
նախագահ, հարգարժան Սերժ Ազատի
Հանքարդյունաբերության զարգացման ներկա գործընթացներն առավել ըմբռների ու թաթանցիկ դարձնելու ակնկալիքով՝ առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել Հայաստանում նոր ուսումնասիրման ու նախագծման գործընթացում գտնվող մետաղական հանքերի շահագործման ծրագրերը:
Ոլորտում ծավալվող գործընթացներն ուսումնասիրելու նպատակով ակնկալում ենք, Ձեր նախաձեռնությամբ, կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան մասնագետներից ու բնապահպաններից կազմված մի մարմին: Նպատակը` մշակել հայեցակարգ, ինչը համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները` ըստ առկա ռեսուրսների, զարգացման հեռանկարների ու բնապահպանական խնդիրների, բացառելու համար Հրազդանի տարածաշրջանի`նման հարուստ բնաշխարհ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ, քաղցրահամ, հանքային և ոռոգման ջրերի ահռելի պաշարներ ունեցող տարածքում 10-15 տարվա տնտեսական կասկածելի էֆեկտ խոստացող հանքարդյունաբերության զարգացման իրողությունը:
Համոզված ենք` կառավարության որոշման տեսքով նման հայեցակարգը հիմք կհանդիսանա կասեցնելու ոլորտում ծավալվող անըմբռնելի գործընթացները և կկանխի հասարակության մեջ խորացող երկփեղկվածությունը` բացառելով նոր Թեղուտի ու Ամուլսարի օրինակները, երբ արդեն միլիոնավոր դոլարների հասնող ծախսերը հասարակության մոտ ոչ միայն չեն նվազեցնում, այլև ավելի են խորացնում այդ ձեռնարկների արդյունավետության արժանահավատությունը:
Հրազդանի ընտրողների հետ նախատեսված Ձեր հանդիպման ընթացքում ակնկալում ենք Ձեր նկատառուները վերը նշված խնդիրների առնչությամբ: Ցանկանում ենք նշել, որ ամիսներ առաջ նույն մտահոգություննրով դիմել ենք ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին, որտեղից ցավոք սրտի ցայսօր որևէ արձագանք չի հետևել:
«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնություն
Հավելեմ, որ խմբի անդամ եմ նաև ես:
Էմին Մաթևոսյան
mynews.am