Այսօր «Հայելի » ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ- ու ԲՀԿ-ն, չնայած այլ բան էին հայտարարել, սակայն ներգրավված են քաղաքական ընտրական գործընթացների մեջ: Հարցին՝ ՀՀՇ-ն, Լեւոն Զուրաբյանը արդյոք ինչ-որ կերպ մասնակցո՞ւմ են ընտրություններին՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Այո, կան մարդիկ, որ չեն մասնակցում: բայց դուք պետք է հասկանաք, որ ՀՀՇ-ի մի քանի անդամներ մեր շտաբում աշխատում են՝ իմ ընկերները: Ես հիմա չեմ կարող թվերով չափել՝ քանի հոգի, բայց գուցե եւ ՀԱԿ-ի կեսը, կամ կեսից ավելին, կամ մի փոքր պակաս այդուհանդերձ աշխատում են մեզ հետ: Ինչ կանեն մյուսները, աշխատո՞ւմ են ուրիշների հետ, թե չէ՝ ես դա չգիտեմ: Կամ ընդհանրապես աշխատում են թե չէ՝ նույնպես չգիտեմ»:
Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Վերին Արտաշատում քարոզարշավի ժամանակ իր հնչեցրած այն միտքը, թե միտինգին ես առաջից եմ գնալու, եթե կասեն` Բագրատյանը առաջինը չի, առաջին շարքում չի` չգնաք էդ միտինգի, որ ձեր վրա չկրակեն: Մեր հարցին՝ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն նկատի չունեիք, որ Մարտի 1-ին առաջին շարքում չէր՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Չեմ մեկնաբանի: Այդտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը կապ չունի: Սովորական խոսք եմ ասել, որ ձեր առաջից գալու եմ մինչեւ վերջ»:
Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ՀԱԿ-ի որոշ անդամներ կհայտարարեն, որ սատարում են Սերժ Սարգսյանին՝ Հրանտ Բագրատյանըն պատասխանեց. «Դա փաստում է այն, ինչ ես եմ ասում՝ ոչ մի չմասնակցել գոյություն չունի»:
Հարցին, եթե չդառնաք նախագահ, էլի ակտիվ գործունեությո՞ւն եք ծավալելու ՀԱԿ-ում՝ որպես «Ազատություն» կուսակցության նախագահ՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մենք հիմա աշխատում ենք: Ասեմ՝ մենք ունենք մեր հարցումը: Մենք երբեք թույլ չենք տա մեր հարցումը հրապարակել: Այն հիմք է տալիս ենթադրելու որ մենք հաղթող հիմնական թեկնածուներից մեկն ենք, եթե ոչ հիմնական: ՀԱԿ-ում մենք ասել ենք՝ ես պիտի գնամ աշխատեմ, ես պիտի գնամ խոսեմ՝ այսպե՞ս ենք շարունակում, թե՞ ինչ ենք անում: Պատրա՞ստ եք փոփոխությունների, թե՞ չէ: Այդ փորձը պիտի անեմ: Փորձը չհաջողելու դեպքում ես ձեզ հստակ ասում եմ՝ շեշտակիորեն զբաղվելու եմ «Ազատություն» կուսակցությամբ: Արտասահմանում մեծ դիրքեր էի զբաղեցնում, այդ ամենը թողել-եկել եմ: Պիտի զբաղվեմ այս քաղաքական ուժի ստեղծմամբ: Պարապ չեմ նստելու, եթե թողել-եկել եմ: Դրա համար մինչեւ փետրվարի 18-ը ես այդ թեման չեմ քննարկում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է դա ընդդիմադիր ուժերով միավորվեք նորից՝ Հրանտ Բագրատյանը չկարողացավ պատասխանել. «Նման խոսակցություն եղել է: Բայց ես կուզենայի ծրագիր տեսնել: Պիտի իմանամ՝ ինչ եք անելու: Եթե երկու օր առաջ նույնիսկ գրել եք, դա չի նշանակում ծրագիր ունեք: Բայց մենք պետք է սեղանին դնենք այն, ինչ պետք է դնենք: Եվ դա պետք է ընդունելի լինի»:
Թե ԱԺ շրջանակներից դուրս իշխանության հետ հնարավո՞ր է համագործակցեք՝ պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ նման թեմա այսօր չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ