Հայոց բանակն արդեն 21 տարեկան է, սակայն ծառայությունն ավարտված չէ, նա հավերժ զորակոչիկ է. դեռ շարունակում է և հավերժ կշարունակի ծառայել իր ազգին:
Այսօր համացանցը ողողված է շնորհավորական ստատուսներով. ոմանք դիմում են իրենց ընկերներին, ոմանք՝ եղբայրներին, շատերը ՝ բոլոր ծառայողներին, որոշ աղջիներ էլ՝ իրենց ապագա ամուսիններին: Դրանք նաև այս բնույթի են. «Ես քաղաքում, դու բանակում, ես ուսանող, դու ծառայող, ես անկողնում հանգիստ ննջում, դու օրապահ արթուն հսկում , հետ կգաս երկու տարուց, ու սիրտս կվառվի քո ջերմ սիրուց, քո պատկերն իմ աչքերում , չի մոռացվի երկու տարում … », «Աստված պահապան իմ զինվորին» և այլն:
16-ամյա Մարտինը հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայի պարտքն է համարում: «Դու կզգաս, որ քո ծնողները քեզնով կհպարտանան, անձամբ ինձ համար հարկավոր է, որ կոփվեմ, որ իսկական տղամարդ դառնամ»: Ի դեպ, Մարտինը երազում է, որ ծառայության մեկնի Ղարաբաղում: 50-ամյա Վահանը, ով ծառայել է Ղազախստանում, պատմում է. «Այն ժամանակ բանակում տեղի ունեցող վիճաբանությունները ընթանում էին ազգերի միջև. եթե մի հայի խաթրին կպնում էին, սաղ հայերով հելնում-պաշտպանում էին»: Վահանը ծառայության ընթացքում միայն մեկ անգամ է արձակուրդ ունեցել և միայն այդ ժամանակ է տեսակցել ծնողների հետ: «Հիմա ուրիշ ա, մենք ունենք մեր բանակը, մեր ուժը, պայմաններն էլ լավ են. զինվորների համար կա տեսակցության օր, նրանք կարողանում են տեսնել իրենց հարազատներին, այդքան էլ հեռու չեն»,-ասում է նա: Վահանի խոսքով՝ ծառայությունը զինվորին տալիս է լրջություն, միայնակ ապրելու և արագ կողմնորոշվելու ընդունակություն: Վահանի համար, ինչպես ինքն է հավաստիացնում, կյանքն ավելի իմաստավորեց. ձեռք բերեց նոր ընկերներ, նաև անկախություն: 21-ամյա Արսենը, խոսելով բանակի դերի մասին, ասում է . «Էտ էն տեղն ա, որտեղ տղեն ջոգում ա, որ իրա պրոբլեմները միայն իրենն են, որ ինքը պիտի լուծի դրանք՝ առանց սրա կամ նրա օգնության, որի շնորհիվ նա կայանում է, սկսում առաջին հերթին իրեն ճանաչել, հետո նոր ուրիշներին»: Արսենը նաև շնորհավորում է իր ընկերներին՝ Արթուրին, Նարեկին, Հովսեփին, Արամին և Ռուբենին, ովքեր ծառայում են հայոց բանակում, և մաղթում. «Ուղղակի ոնց գնացել եք, եթե ինչ-որ բանով չավելացած, ապա նույն կերպ հասնեք ձեր իրենց ծնողներին»: 54-ամյա տիկին Անահիտը, ում որդին 4 ամիս առաջ է մեկնել ծառայության, հպարտությամբ ասում է. «Տղաս շատ լավ ա, ինքը իրա գլխի տերն ա, երբեք մեզ նեղություն չի տալիս: Մեզնից էլ մնում ա համբերելը»,-ասում է նա:
Աղջիկները ևս կարևորում են բանակի դերը տղաների կյանքում: «Զինվոր տեսնելիս չեմ կարղանում չուրախանալ ու չժպտալ: Այդ համազգեստը մեր անկախության, մեր հզորության մասին է խոսում: Բացի այդ՝ նրանք այնքան հմայիչ են»,-ասում է 24-ամյա Ռոզան: Իսկ 20-ամյա Լիանան ափսոսում է , որ իր ընկերոջը չի տեսել զինվորի կարգավիճակում. «Մենք ծանոթացանք այն ժամանակ, երբ նա նոր էր վերադարձել ծառայությունից: Շատ կցանկանայի զգալ զինվորի ընկերուհին լինելու հպարտությունը»,-ասում է նա:
Բանակը տղաների համար դպրոց է , իսկ աղջիկների համար հավատարմության ու սպասումի քննություն…
Նազենի Բաղդասարյան