«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ այսպիսի տեսակետ հայտնեց. «Մարդը հացադուլի մեջ է, ես հարգում եմ: Ես էլ կարող եմ ժպտամ, օրը մի 3 անգամ այցելեմ իրեն: Ի դեպ, օգտվելով այս առիթից, ուզում եմ հորդորեմ իրեն, որ Անդրիասը թողնի այդ հացադուլը: Բայց ես հստակ ուզում եմ ասել՝ ես Անդրիասի կոչին չեմ միանալու: Ավելին՝ ես դեմ եմ, որ հ/կ-ները, քաղաքացիական նախաձեռնությունները նման քաղաքական քայլեր են անում: Քաղաքական քայլ եք անում՝ դարձեք քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն բացեք: Էդ դեպքում դուք հ/կ չեք եւ գրանտներ չեք ստանա: Ես հիանալի կարծիքի եմ Անդրիասի մասին, նրա մարդկային որակների մասին: Բայց վերջապես հասկացեք՝ քաղաքական բեռը թողեք քաղաքական գործիչներին կամ դառնանք քաղաքական գործիչ: Ես պիտի հասկանամ՝ ո՞վ է այդ մարդը: Անձամբ իրեն չեմ ճանաչում: Գիտեմ, որ եղբորս է ինքը լավ ճանաչում: Անձամբ չեմ ճանաչում՝ որպես քաղաքական գործիչ, ոչ թե որպես մարդ»:
Հրանտ Բագրատյանը դժգոհեց նաեւ «թեղուտցիների» կոչից, թե տվեք ձեր եթերաժամը մեզ. «Ես հարցնում եմ մարդկանց, ովքեր մասնակցել են Թեղուտի պաշտպանությանը,ասում եմ՝ ի՞նչ է պետք, ասեք՝ ասեմ: Բայց Թեղուտը երբ ասում է՝ ձեր ձայնը տվեք մեզ, Թեղուտը դադարում է Թեղուտ լինելուց: Դա դառնում է քաղաքական կուսակցություն: Ես կարծում եմ՝ սիրուն չի: Ես էլ կարող եմ գնալ իրենց կողքը նստել, ժպտալ, բայց թողեք հասկանանք մի հատ ինչ ենք անելու: Մեծ հաշվով նման քայլերն օգնում են միմիայն իշխանություններին: Քաղաքական դաշտը խառնվում է, հստակ չի: Հ/կ ներկայացուցիչը դառնում է քաղաքական գործիչ: Իմ պատասխանը գուցե չոր թվա, բայց ես նման քայլը համարում եմ սխալ՝ճնշում մեզ վրա: Մեզ թող չզարմացնեն, մենք բանտ էլ ենք տեսել, ամեն ինչ էլ տեսել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ