Սիրելի հայրենակիցներ,
Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը:
Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ եզակիներից է և փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին, ովքեր անձնվիրաբար մարտնչեցին ու նաև շատ թանկ, կյանքի գնով վերանվաճեցին թե´ մեր պատմական հայրենիքի մի մասը, և թե´ Հայոց հաղթական բանակի համբավը:
Հայոց բանակի գոյությունը նաև մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկն է, որը նույն այդ անկախության, մեր պետականության կայունության և, ինչու չէ, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորն է:
Կարդացեք նաև
Շնորհավորելով հայ զինվորին՝ այս փառապանծ տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ ու անամպ երկինք: Թող, որ հայ զինվորն այլևս առիթ չունենա պատերազմական պայմաններում կիրառելու ռազմարվեստի իր փայլուն փորձառությունը: ՀՀ Զինված ուժերի մեր բոլոր ներկայացուցիչներին էլ մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու կորով՝ իրենց պատասխանատու և պատվաբեր ծառայությունը ի փառս մեր հայրենիքի և ի բարօրություն մեր ժողովրդի պատվով կատարելու գործում:
Երևանի քաղաքապետ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ