Սերժանտի համոզմամբ` բանակը պետք է հայ տղային
«Մինչ զորակոչվելը քաղաքացիական մտածելակերպս այլ էր, գաղափար չունեի բանակի մասին: Բանակ գալուց հետո հասկացա, թե ինչ դժվար եւ պատասխանատու գործ է ծառայելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայող, վերջերս սերժանտի կոչում ստացած Մորիս Ասատրյանը, ով բանակ է զորակոչվել Էջմիածնի զինկոմիսարիատից:
Զինվորի խոսքով. «Քաղաքացիական կյանքի շեմը հատելուց հետո հիմա առավել կարգապահ եմ, ինչպես ասում են` «երեխայական» չեմ: Այստեղ սովորել եմ ճիշտ վարքականոն, դրսեւորել հարգանք հրամանատարների հանդեպ, ընդհանուր առմամբ` այն ամենը, ինչը պետք է հայ տղային որպես զինվոր: Այս ընթացքում հաճույքով եմ ծառայել եւ զգացել փոփոխություններ, հատկապես երբ արձակուրդ գնացի: Օրինակ, շտկվել է շատախոսությունս: Բացի այդ, նախկինում ինչ որ առումով նեղացկոտ էի, եւ չէի սիրում, երբ ասածս չէին ընդունում: Հիմա դա «վերացել» է, որովհետեւ հասկանում եմ` բանակը դրա տեղը չէ, եւ առհասարակ` պետք է չէ այդպես վարվել» :
Ասատրյանի համոզմամբ. «Զինվորը հայրենիքի պաշտպանն է: Հայ տղան պարտավոր է իր զինվորական պարտքը կատարել: Չեմ ընդունում կարծիքը, թե ծառայությունն անհրաժեշտ չէ. հայ տղան պետք է ծառայի, բանակը պետք է նրան»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ասաց, որ զորակոչվելուց հետո ընտանիքի հանդեպ կարոտը «խեղդել» է մոտ մեկ ամիս. «Այդ ժամանակ ցանկություն ես ունենում լսել նրանց ձայնը եւ գտնվել նրանց կողքին, կամ այցելել բարեկամներին: Հիմա կարոտը չի անցել, պարզապես երբ ծառայում ես, մոռանում ես այդ ամենը եւ կենտրոնանում ծառայության վրա, որպեսզի պատվով կատարես քո առջեւ դրված խնդիրը եւ հասնես տուն»:
(Նկարահանումը կատարվել է 2012թ-ի հուլիսին` «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ մի խումբ լրատվամիջոցների` ԼՂՀ զորամասեր կատարած եռօրյա ծրագրի շրջանակում)
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ