Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթև արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռևս կիսով չափ բնակեցված են մնում:
Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանցից շատերը սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում են, իսկ այդ կիսախարխուլ շենքերում բացակայում են կոմունալ-կենցաղային ամենատարրական պայմանները և անգամ կեսկատակ-կեսլուրջ կարելի է ասել, որ այդ նախկին հանրակացարաններ կոչվածների հետ համեմատած՝ Գյումրու տնակները շքեղ առանձնատներ են թվում:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված գումարով գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու Նժդեհի 22 հանարակացարանում պատսպարված, 4 անչափահաս երեխաներ խնամող Սրապյանների ընտանիքին: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: