Նիդերլանդների Վեյկ-ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի «Tata Steel» 75-րդ գերմրցաշարը:
Ուժեղագույնների «A» խմբում աշխարհի N1 շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կարլսենը նախավերջին տուրից հետո անհասանելի էր դարձել մրցակիցներին: Այնպես որ, եզրափակիչ տուրում պայքարն ընթանում էր 2-րդ եւ 3-րդ տեղերի համար, որին հավակնում էին Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը: Այն բանից հետո, երբ հնդիկ գրոսմայստերը 49-րդ քայլում պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանգին, երկրորդ տեղը պահպանելու համար Լեւոնից պահանջվում էր ընդամենը չպարտվել սպիտակներով խաղացող իտալացի Ֆաբիանո Կարուանային: Թվում էր, թե նրանց դիմակայությունը երկար չի տեւի, մանավանդ, որ Կարուանան մրցանակային տեղի չէր հավակնում: Սակայն նրանց պայքարը շարունակվեց մինչեւ 104-րդ քայլը եւ միայն այդ ժամանակ կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի: Լեւոն Արոնյանն իր անվան դիմաց գրանցելով 8,5 միավոր՝ պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: Իսկ Անանդին որոշ անհանգստություն պատճառեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Հաղթելով Լյուկ վան Վելիին՝ նա վաստակած միավորներով՝ 8,0, հավասարվեց աշխարհի չեմպիոնին եւ միայն լրացուցիչ գործակիցներով երրորդ տեղը զիջեց նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ