Ձոն` Տիգրան Մանսուրյանին
Սպիտակ թղթի առաջ մեղավոր նստած` քո հոգնած դեմքը հիշեցի, հիասթափությունդ ընդհանրապես, և անընդհատ առանձնանալու, ինքդ քեզ հետ մեն-մենակ մնալու երջանկությանդ պատրանքը: Ասացիր` և կաս, և չկաս Երևանում, ասացիր` փառք Բարձրյալին, որ ստացածդ շնորհը հնարավորություն է տալիս ուրիշ երկրներում վաստակել հացը հանապազօրյա:
Աբովյանով իջնում էինք: Ափսոսանքով ասացիր, որ քնարիդ մոռացման շղարշն է պատել Երևանը: Ասացիր` փոխվում, սիրունանալով օտարանում է Երևանը: Նույն պահին դիմացից եկող սիրունատես մայր ու աղջիկ ժպիտով գրկեցին քեզ, հարգալից, գլուխների խոնարհումով ողջունեցին: Մեղավոր հայացքով նրանց պատասխանեցիր (զղջացի՞ր արդյոք սխալմունքիդ համար):
Երկու, երկուսուկես տասնյակ տարի առաջ քո ու Կարեն Դեմիրճյանի մասին տարածված զրույցը հիշեցի, երբ վերջինս կինոյի համար գրած երաժշտության ձայներիզն էր խնդրել, վիրավորվել էիր, ասելով` որ ավելի լուրջ երաժշտություն ունես:
Կարդացեք նաև
Ցավոք, շատերս քո կինոյի համար գրածից այն կողմ չանցանք, դրա համար էլ այսօր քո գործերն ավելի շատ կատարվում և բարձունքներ են գրավում արտասահմանում: Մեր նոր սերունդները գուցե պեղեն քեզ իրենց համար: Գուցե մի երկու [հարյո՞ւր] քայլ այս կողմ անցնենք, հնարավո՞ր է արդյոք մտքի և ոգու այդպիսի թռիչք…
Մտանք քո սիրած թեյարանը` Աբովյանի վրա: Չարենցը կընդդիմանար, կասեր` Աստաֆյանի: Չարենցի հետ «քվիթ» եմ, ասացիր: Նրա տասը բանաստեղծությունները` «Արս պոետիկա»-ն [կոնցերտ երգչախմբի համար] քո կախարդական գրչի ներքո ուրիշ կյանք են ստացել, որը աշխարհի տարբեր երկրներում հրաշալիորեն կատարում է Երևանի կամերային նվագախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Առաջ ես անցել մեզնից կես դար կամ մի քանի սերունդ: Պորտալարդ Կոմիտասի և Խաչատրյանի հետ է կապված, ինչպես նրանցով, այնպես էլ քեզնով են ճանաչում մեզ:
Ինչպես Չարենցի հետ, այնպես էլ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի յոթ աղոթքների հետ ես «քվիթ», որը ձայնագրվեց աշխարհահռչակ «Հիլարդ» անսամբլի և Քիմ Քաշքաշյանի բացառիկ մեկնաբանմամբ: Մեր երաժշտության պատմության մեջ չարձանագրված դեպք է, կատարումը բնագրով, երկրորդը` 1700-ամյակի շրջանակներում Հայաստանում գտնվող «Ֆրանկ-Ֆուրտեր կանտորայ» երգչախումբն էր, որը նույնպես քեզ կատարեց հայերեն:
Սիրով ու մի տեսակ շատ նոստալգիկ հիշեցիր շփումներդ Մարտիրոս Սարյանի, Կոստան Զարյանի, Լևոն Ներսիսյանի հետ: Մտաբերեցիր Արթուր Շահնազարյանին, որ փորձում է ի մի բերել կոմիտասի ձեռագրերի պատառիկները հայ հնադարյան խազերի վերծանումով: Եվ միտքդ մեզ հետ էր, գործդ` հազարամյակներում: Հետո հպարտացար 14-ամյա Սերգեյով, որն արդեն միջազգային համբավ ունի երաժշտական աշխարհում: Առանձին քնքշանքով մտաբերեցիր Քիմ Քաշքաշյան նվիրյալին` եզակի և մեծանուն գոյություն ալտահարների և քո գործերը կատարողների ընտանիքում, որը Յան Գարբարեկի հետ ձայնագրեց ալտի և սաքսաֆոնի համար գրած քո «Լաքրինեն»:
Ընկերոջդ` էստոնացի կոմպոզիտոր Արվո Պերտի գործը գնահատեցիր հետխորհրդային տարածքներում: Ձայնի տխրաթրթիռ դողով Ալֆրեդ Շնիտկեին այդ նույն տարածքներում ողորմեցիր, որպես ընկեր վաղամեռիկ: Ավստրիական փոքրիկ մենաստանը հիշեցիր, ուր Մանֆրեդ Այխերը այդ բոլորիդ գործերն է մի առանձին սիրով, գուրգուրանքով անմահացնում: Էությունդ անընդհատ լցված էր Արտավազդ Փելեշյանի և Հակոբ Հակոբյանի ընկեր-եղբայրությամբ:
Մեր սերնդի (և ոչ միայն) կենսագրությունը ներծծված ու համեմված է քո հոգեպարար մեղեդիներով: Եվ դու այնտեղից փախուստ չունես: Անփոփոխ ու նվիրական: Անընդհատ ներկա, անընդհատ սիրելի: Անընդհատ, ինչպես երաժշտությունդ: Այն, ինչ մեզ հասու է և այն, որ այժմ հասու է քչերին (ընտրյալների՞ն) ու քո միջոցով Հայաստան աշխարհն հայտնաբերող ու գնահատող օտարներին և մեր դուռը բախող հազարամյակներին:
Թաքուն մեղավորությամբ և անզուսպ հպարտությամբ ունկնդիրներիդ ու երկրպագուներիդ անունից 63-իդ շեմին ասում եմ քեզ` շնորհավոր օրհնյալիդ ծնունդը:
Վանուշ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ