Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ մտավորականության կողմից

Հունվար 27,2013 16:38

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ` Տիգրան Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության դատախազ` Աղվան Հովսեփյանին

 

Մեծարգո պարոնայք

Այն, ինչն սկիզբ առավ ուղիղ մեկ տարի առաջ ու աներևակայելի սանձարձակությամբ շարունակվում է մինչ օրս, մարդկային առողջ բանականությամբ ընկալելի չէ:

2012-ի տարեսկզբին` ամանօրյա տոնական օրերին, սեփականատիրոջ քմահաճույքով ու նախաձեռնմամբ սկիզբ առավ մայրաքաղաքի ճարտարապետական գոհարներից մեկի` Կենտրոնական ծածկած շուկայի չարտոնված ու լայնածավալ ավերումը: Մինչ լուրը հասավ քաղաքապետին, ու կիրառվեց տուգանքի պատժամիջոցը, չքացել էին արդեն Շուկայի հետնասրահը, հիմնասրահի կամարաթռիչքներից վերջին երեքն ու նկուղային հարկաբաժինը` ամբողջությամբ:

Պատկան մարմինների`դեպքերի իրական ընթացքից ակնհայտորեն ուշացող վճիռներն ու սեփականատիրոջը որոշակի պարտավորություններ հարկադրող որոշումները որևէ ազդեցություն չունեցան սեփականատիրոջը նախնական մտադրությունից հրաժարվելու և հասարակության պահանջներն իրականացնելու խնդրում: Եվ նա, գիտակցելով, որ մասնագիտական ուղղորդումներն ամենևին չեն բխում իր շահերից, մայիսի 27-ի, դարձյալ նախատոնական, կեսգիշերին, հաշված ժամերի ընթացքում ու վայրագությամբ կործանեց ու հողին հավասարեցրեց անպաշտպան Շուկայի գլխավոր սրահի կեսից ավելին…..

Հաջորդ օրն իսկ, սկիզբ առած բողոքի նոր ալիքը մեղմելու նպատակով և հրապարակավ սեփականատերը հայտարարեց, թե կատարվածը “ինքնափլուզում” էր, և որ ինքը վերականգնելու է Շուկան իր նախկին տեսքով: Այդ սին խոստումների քողի տակ, դարձյալ պատկան մարմինների պատշաճ վերահասկության բացակայության պայմաններում, անցուդարձողի աչքից սքողված ու առանց պահանջված նախագծային փաստաթղթերի առկայության` էլ ավելի եռանդուն կերպով շարունակվեց ինքնակամ շինարարությունը, և արդեն տարեմուտի նախատոնական օրերին հանրությունն ականատես եղավ Շուկայի քանդված հատվածի ողջ տարածքով մեկ վեր խոյացող օտարածին բազմահարկի երկաթբետոնե կմախքի հայտնությանը…..

Արդ` մեկնաբանություններն ավելորդ են:

 

Մեծարգո պարոնայք

Եթե ակնհայտ օրինախախտի հանդեպ չկա համարժեք պատիժ` չի ձևավորվի նաև օրինապաշտ հանրություն: Իսկ երբ օրինախախտը պետության օրենսդիր մարմնի ընտրյալն է / ցավոք` ոչ միակը/, ապա այդ պետությունը ապագա չունի: Եթե այս թեզը լոկ հոռետեսություն է ու որևէ աղերս չունի իրականության հետ, ապա մենք պետք է որ կենդանի վկան լինենք Ձեր հետևյալ հրահանգների.

 

– Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ հանցավորների նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով:

– Արձանագրել, որ Կենտրոնական ծածկած շուկան սեփականատիրոջ անօրեն գործողությունների հետևանքով կորցրել է գույքի իր հատկանիշն ու վերածվել ավերակի, և հանձնարարել այն, իբրև այդպիսին, հանել անշարժ գույքի կադաստրային հաշվառումից:

– Կենտրոնական ծածկած շուկային հասցված ֆիզիկական վնասի փոխհատուցման նպատակով հանձնարարել հուշարձանների պահպանման ու օգտագործման պետական լիազոր մարմնին կատարելու հուշարձանի ներկա վիճակի փաստագրում, կազմելու վերականգնման նախահաշվարկ և ներկայացնելու առաջարկություն` ավերված հուշարձանի գիտական վերականգնման ու պահպանման հետագա քայլերի վերաբերյալ:

– Կազմակերպել ծառայողական հետաքննություն` պարզելու համար պետական այն ատյանների հանցաբաժինը, որոնց ծառայողական թերացումների պատճառով է, որ մեկ տարի շարունակ և այժմ էլ սառնասիրտ հետևողականությամբ խեղվում ու չքանում է մայրաքաղաքի` պահպանման ենթակա պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում հերթական` 152 համարի ներքո գրանցված անզուգական Կենտրոնական ծածկած շուկան, ավելին, որ, ի հեճուկս բազմիցս հնչեցված ահազանգերի, համառորեն ու նման ճակատագրի հող է նախապատրաստվում նաև այդ նույն ցուցակում 96 համարի ներքո գրանցված մեկ այլ ազգային արժեքի` Հանրապետության հրապարակի Կառավարության 2-րդ Տան այլակերպման ու խեղման համար:

 

Առդիր ներկայացվում են թեմայի վերաբերյալ մամլո առավել պրոֆեսիոնալ հրապարակումները:

Մեր հավաքական հասցեն է` Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 17 ,Հայաստանի ճարտարապետների միություն:

 

Հարգանքներով և խոստացված փոփոխությունների ակնկալիքով`

 

Սարգիս ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր; Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության նախագահ; Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ,ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու; Գրիգոր ԱԶԻԶՅԱՆ, ինժեներ կոնստրւկտոր, ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր; Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆ, աշխարհագրական գիտությունների դոկտօր, պրոֆեսոր; Ռուբեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստի քննադատ; Ժասմեն ԱՍՐՅԱՆ, արվեստագետ, ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ; Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆ, ճարտարապետույան դոկտոր, պրոֆեսոր; Ալեքսանդր ԲԱԴԱԼՅԱՆ, ճարտարապետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր; Աշոտ ԿԱՆԱՅԱՆ, ճարտարապետ, ԵրՃՇՀ պրոֆեսոր; Հասմիկ ԱՍԼԱՆՅԱՆ, “Շողեր միություն” ՀԿ նախագահ; Գուրգեն ՄՈՒՇԵՂՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Սարգիս ՍԱՐԴԱՐՅԱՆ, ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Ստեփան ԼԱԶԱՐՅԱՆ, ճարտարապետ, պետական մրցանակի դափնեկիր; Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ, ճարտարապետ, պետական մրցանակի դափնեկիր; Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; Մհեր ՉԵՐՔԵԶՅԱՆ, ճարտարապետ, ԵրՃՇՀ պրոֆեսոր; Գայանե ՇԱԳՈՅԱՆ, ազգագրագետ, գիտությունների թեկնածու; Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ, համակարգային վերլուծաբան; Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ, կինոռեժիսյոր; Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ, նվագաղմբավար; Արամաիս ԱՍԼԱՆՅԱՆ, ինժեներ կոնստրուկտոր; Մարտին ԱՍԼԱՆՅԱՆ, ինժեներ կոնստրուկտոր; Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ, ճարտարապետության թեկնածու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Գագիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, ճարտարապետ, մշակութային հուշարձանների պահպանող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ; Արտեմ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ճարտարապետ, ԵրՃՇՀ պրոֆեսոր; Ասլան ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ; Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ; Սաշուր ՔԱԼԱՇՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Մարյամ ԲԱՐՍԵՂՅԱՆ, գրող, հրապարակախոս; Կարո ԵՂՆՒԿՅԱՆ, իրավաբան; Էմիլ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, նկարիչ; Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ, ծրագրավորող; Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆ, կառավարման փորձագետ; Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ, փաստաբան; Դավիդ ՔԵՐՏՄԵՆՋՅԱՆ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր և այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ խորհին երախտագիտությունը նամակատեր մտավորականությանը: Սփյուռքը,
    երբ տեսնում է, որ երկրում անարդարության դեմ պայքարող ուժ կա, Ձեզ երբեք
    միայնակ չի թողնի: Հավատացեք, պայքարեք, կհանդիպենք:

  2. Արսեն Կարապետյան says:

    միանշանակ ստորագրվում եմ

    սակայն նմանատիպ նամակ նախագահին արդեն ուղարկվել էր հասարակական կազմակերպությունների անունից շուկան փրկելու համար գոնե «Տարոն, սիրուն չի» տարբերակը աշխատացնելու նպատակաով: Բայց նախագահականից պատասխանը ապացուցեց, որ նունիսկ դա այս դեպքում չի աշխատի
    հուշարձանը կարելի է վերջնականապես կորցրած համարել, եւ աշխատել միայն պատժելու ուղղությամբ

    https://www.mediamax.am/am/news/yerevan/6673/

  3. Արսեն Կարապետյան says:

    մեկ էլ առանց մեկնաբանության բերում եմ Երեւանի գլխավոր ճարտարապետի վերաբերմունքը հարցին

    https://www.mediamax.am/am/news/yerevan/6379/

  4. Hakob Dinq says:

    Փոխանակ Ավգյան Ախոռը վերացնելու մենք ասում ենք որ այդ ախոռից հոտ է գալիս, և իբր այդ հոտը գալիս է օլիգարխակենցաղով ապրող մարդկանցից, և ով միամիտ մարդիկ` կարելի է վերացնել խնդրելով նրանց մաքրելու իրենց որջը, (ինքնավերարտադրվող համակարգին) որոնք ապրում և “արարում” են այդ ախոռում:
    Հարգարժան պարոնայք, այս տարբերակը չի աշխատել և չի աշխատելու:
    Ախոռը պետք է արմատախիլ անել: Ուղղեք Ձեր ջանքերը այս հարցը լուծելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031