Թեեւ «Sauerland Event» եւ «Sports Event Steinforth» պրոումոթերական ընկերությունները դեռեւս այդ լուրը չեն հաստատել, սակայն «Sport.ua»-ն արդեն նշում է, որ մենամարտը կայանալու է մարտի 23-ին՝ Մագդեբուրգում: Շտիգլիցը Աբրահամի հետ ռեվանշ մրցամարտի իրավունք ունի: Դա բռնցքամարտիկների միջեւ կնքված պայմանագրի պարտադիր կետերից մեկն է, որը մի քանի անգամ հաստատել է Աբրահամն իր ասուլիսներում: Հիշեցնենք, որ Շտիգլից-Աբրահամ առաջին մենամարտը կայացել էր անցած տարվա օգոստոսին եւ Արթուրը հաղթելով միավորներով՝ մրցակցից վերցրել էր երկրորդ միջին քաշային կարգում WBO չեմպիոնական գոտին: Դրանից հետո Աբրահամը տիտղոսը պահպանեց Մեհդի Բուադլայի հետ մենամարտում, իսկ Շտիգլիցը երեկ Բարսելոնայում նոկաուտի է ենթարկել Միխալ Նիրոդային: Նկատի առնելով, որ Շտիգլիցի «մկանները տաքացնող» մարտը հաջող է անցել, լրատվամիջոցները ենթադրում են, որ Աբրահամ-Շտիգլից երկրորդ մենամարտի մասին հայտարարություն պետք է արվի արդեն եկող շաբաթ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ