«Չինական վտանգ: Android առանց Google-ի» վերնագրի ներքո bSmart – IT Blog-ը գրել է. «Հորիզոնում առաջանում են որոշակի խնդիրներ Google-ի համար: Աշխարհի ամենամեծ շուկայի գնորդները նախընտրում են գնել Android սմարթֆոններ ոչ թե հանրաճանաչ արտադրողներից, այլ չինական no-name ընկերություններից, որոնք իրենց սմարթֆոններում չեն տեղադրում Google-ի ծառայությունները», – այս մասին խոսում է Enders-ի վերլուծաբան Բեն Էվանսը, ում ցիտում է The Register-ը: Պետք է ասել, որ Android-ը բավականին ծախսատար հաճույք է Google-ի համար: Ընկերությունը պատասխանատվություն է կրում ՕՀ-ի զարգացման համար և եկամուտ է ստանում գովազդի, ծառայությունների և ծրագրերի վաճառքից:
Վարդան Պետրոսյանն էլ իր բլոգում (vard-blog.blogspot.com) ներկայացրել է, թե ինչպես է պետք ձևավարել Google Chrome-ի ինտերֆեյսը: Google Chrome-ի գործարկման ժամանակ բացվում են սովորական պատուհաններ, և ցուցադրվում են Ձեր վերջին հաճախած կայքերը: Այսօր կխոսենք Google Chrome-ի ձևավորման մասին, որն, ըստ իս, շատ գեղեցիկ է և ժամանակակից: «Awesome New Tab» հավելվածը Ձեզ հնարավորություն կտա ամբողջությամբ փոխել Google Chrome-ի ինտեֆեյսը: Դրա համար մտեք այս հղումով և «Chrome Web Store»-ի որոնման դաշտում փնտրեք «Awesome New Tab» արտահայտությունը և տեղադրեք հավելվածը:
Google Chrome – ի ինտերֆեյսի ձևավորումից անցում ենք կատարում դեպի Ֆեյսբուքի պրոֆիլի պաշտպանություն: «ESET կազմակերպությունը հայտարարել է նոր «Social Media Scanner» ծրագրի թողարկման մասին, որը նախատեսված է Facebook սոցցանցի օգտատերերի պրոֆիլները պաշտպանելու համար` տարատեսակ վիրուսներից: Հակավիրուսային ծրագիրը պաշտպանելու է օգտագործողի պրոֆիլը, պատը, նորությունները և անձնական հաղորդագրությունները: Վիրուսի հայտնաբերման դեպքում հակավիրուսը տեղեկացնելու է դրա մասին օգտագործողի էլ. փոստի վրա հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Բացի դրանից՝ «ESET»-ը պաշտպանելու է նաև օգտագործողի ընկերների պրոֆիլները՝ նրանց պատերին տեղադրված հղումների ստուգման շնորհիվ». – այս մասին իր բլոգում գրել է Վարդան Պետրոսյանը:
Գագիկ Մարթոյանն էլ, թերևս, նոր է «բացահայտել», որ գոյություն ունի նաև հայի նոր՝ «Ֆեյսբուքահայ» անվանումը. «Այս Նոր տարուն ընդառաջ ես վնասեցի ոտքս և դարձա «Ֆեյսբուքի բնակիչ»: Պարզեցի, որ այնտեղի բնակիչները «ֆեյսբուքահայ» տեսակին են պատկանում: Դրանից առաջ լսել էի միայն «հայ քրիստոնյա»-ի մասին ու երկար եմ մտածել, թե ո՞րն է այդ տեսակը: Գոնե «քրիստոնյա հայ» – ը հասկանալի է, իսկ «հայ քրիստոնյա՞» – ն… Լավ է, որ գոնե «ֆեյսբուքահայ»-ը հնարավոր չէ շրջել «հայաֆեյսբուք»-ի, իսկ «ֆեյսբուքահայ» պարզ նշանակում է Ֆեյսբուքում բնակվող հայ: Սա հայի այն տեսակն է, որի թափառող հոգին հանգրվան է գտնում Ֆեյսբուքում…», – գրել է նա:
Տիգրանուհի Թասլակյան