Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը կլուծարի կուսակցությունները, կվերանայի Սահմանադրությունը

Հունվար 27,2013 13:24

«Քրեաօլիգարխիան օրենսդիր եւ գործադիր իշխանություններից հեռացնելու համար անհրաժեշտ է լուծարել այն կուսակցությունները, որոնց միջոցով օլիգարխիան վերահսկում է Ազգային ժողովն ու կառավարությունը: Հանրահայտ է, որ այդ կուսակցությունները ընտրությունների ընթացքում զանգվածաբար կաշառել են ընտրողներին: Ընտրողներին կաշառելը քրեական հանցանք է»,- նախագահ դառնալու դեպքում պարոն Ղուկասյանն իր անելիքներն այսպես է ձեւակերպել իր գործողությունների ծրագրում:

Ըստ նախագահի թեկնածուի, Սահմանադրական դատարանի որոշմամբ, կուսակցությունները լուծարելուց հետո, կուսակցական ցուցակով ընտրված պատգամավորների լիազորությունները դադարեցվելու են, ու Ազգային ժողովի թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրություններ են անցկացվելու:

Պարոն Ղուկասյանի համոզմամբ, կառավարություն ձեւավորելու հարցում էլ, ՀՀ նախագահը պետք է վարչապետի հավակնորդին որոշելիս երկրում անցկացնի հասարակական կարծիքի հարցում: Եթե ԱԺ պատգամավորների մեծամասնությունը վստահություն չեն հայտնում վարչապետի տվյալ թեկնածուին, ապա նախագահը կարող է առաջարկել ԱԺ-ին որոշում ընդունել վաղաժամկետ արձակման մասին եւ նշանակել նոր ընտրություններ:

Նախագահի թեկնածուն իր գործողությունների ծրագրում առաջարկում է նաեւ վերանայել Սահմանադրությունը, որովհետեւ ըստ նրա. «Գործող Սահմանադրությունը թույլ է տալիս մի քանի քաղաքական ուժի (կուսակցության կամ կուսակցությունների միավորման) իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը, ինչպես նաեւ վերահսկել դատական իշխանությունը: Նախագահի պաշտոնը զբաղեցնող եւ պատգամավորական մանդատների մեծամասնությանը տիրղ քաղաքական ուժը, ըստ Սահմանադրության, բացառիկ իրավունք է ստանում առաջադրել, նշանակել կամ հաստատել անձանց պետության բոլոր առանցքային պաշտոններում»:

Պարոն Ղուկասյանը կարծում է, որ ՀՀ նախագահն իր առաջին հրամանով պարտավոր է հրավիրել Սահմանադիր ժողով, հաստատել դրա ընտրական կարգը, լիազորություններն ու աշխատակարգը: Ըստ նրա, Սահմանադիր ժողովը կարող է կազմվել 82 պատգամավորներից, իսկ ՀՀ նախագահը Սահմանադիր ժողովում կարող է ունենալ դիտորդի կարգավիճակ ու խորհրդակցական ձայնի իրավունք:

Նա, նաեւ որպես նախագահ, ընտրվելու դեպքում կառաջարկի կնքել Հանրային պայմանագիր, որն իր մեջ կներառի քաղաքացու իրավունքների հռչակագիրը, պետության կառավարման քաղաքական սկզբունքները, պետության կառավարմանն ուղղակի մասնակցելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու քաղաքացու պարտավորությունները: Այն քաղաքացիները, որոնք կմիանան Հանրային պայմանագրին, իրավունք կստանան հանդես գալ Սահմանադիր ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ եւ մասնակցել նոր Սահմանադրության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031