Թուրքիայի հայ համայնքն իր ձայնն է բարձրացնում Ստամբուլի Սամաթիայի թաղամասում հայերի դեմ վերջերս իրականացված մի քանի հարձակումների կապակցությամբ։ Ինչպես թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթն է գրում, հունվարի 25-ին մի հայ ծեր կնոջ դեմ իրականացված հարձակումից հետո հայերն ասում են, թե ՝՝իրենց մեծահասակներին այլեւս չեն թողնի միայնակ՛՛։
Թերթը հիշեցնում է, որ դրանից առաջ՝ հունվարի 22-ին անհայտ մի անձ հարձակվել էր 84-ամյա Սուլթան Այքարի վրա՝ նրան հասցնելով աչքի շրջանում ու ծնոտի լուրջ վնասվածքներ։
Դեկտեմբերի 28-ին Սամաթիայում գտնվող իր տանը հարձակման էր ենթարկվել մեկ այլ ծեր հայ կին՝ Մարիսսա Քյուչուկը, որին դանակով հարվածել էին յոթ անգամ, այնուհետեւ՝ կտրել կոկորդը։ Դրան նախորդել էին հարձակումներն ընդդեմ 87- ամյա Թուրֆանդա Աշիկի,(որը հարձակման արդյունքում կորցրել էր աչքը), եւ մեկ այլ կնոջ։
՝՝Հուրիեթ՛՛-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող օրենսդիրներից Սեզգին Թանրիքուլուն կոչ է արել ավելի մանրազննին քննություն իրականացնել այս հարձակումների մեղավորներին հայտնաբերելու համար։
՝՝Այն փաստը, որ դեռեւս չկա որեւէ կասկածյալ, ավելի է մեծացնում հայ քաղաքացիների շրջանում վախն ու մտահոգությունները՛՛, ասել է Թանրիքուլուն՝ ավելացնելով, թե ՝՝հարձակումները կարող են կապված լինել 1915 թվականի իրադարձությունների 1ՕՕ ամյակի հետ՛՛։
՝՝Ակոս՛՛ թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն ասել է, թե պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող լռությունն է՛լ ավելի է խորացնում հայերի շրջանում մտահոգությունները։
՝՝Եթե այս հարձակումների հետեւում կանգնած է որեւէ կազմակերպություն, ապա ամեն ինչ պետք է արվի մեղավորներին արագ պատժելու համար՛՛, հայտարարել է թուրք պատգամավոր Թանրիքուլուն։
Կարդացեք նաև
Ստամբուլի Սամաթիա թաղամասի հայ երիտասարդները պատարաստվում են այստեղ հունվաի 27-ին անցկացնել բողոքի ցույց։
«Ամերիկայի Ձայն»