Ս. Սարգսյանի իջեւանյան ելույթում կոնկրետ խոստումները քիչ էին
Հունվարի 26-ին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական այցով Տավուշի մարզում էր: Այցելության առաջին վայրը Գոշ գյուղն էր: Դպրոցի աշակերտներին տեսանք Գոշավանք՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալիս: Երեխաները տանում էին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշակներ:
Գոշի դպրոցի հրապարակում մի քանի տասնյակ միկրոավտուբուսներ եւ ավտոբուսներ էին կայանած, որոնցով Իջեւանից եւ Դիլիջանից մարդիկ էին բերվել: Ս. Սարգսյանին Գոշում դիմավորեցին աղուհացով: Նա եղավ Գոշավանքում,մոռ վառեց: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կատարեց երիտասարդների օրհնության արարողություն: Սերժ Սարգսյանը վանական համալիրի բակում բացված սեղանի շուրջ բաժակ բարձրացնելով՝բարեմաղթեց բոլորին:
Չնայած նրա անվտանգության ծառայության հարուցած արգելքներին՝ մի քանի հոգի կարողացան մոտենալ Սարգսյանին եւ իրենց խնդիրները ներկայացնել: Գոշեցի տարեց մի մարդ նախագահին դիմեց՝ խորհրդային բանկերում ունեցած իր ավանդների հարցով: Հետո այդ մարդու ափում տեսանք 5 հատ 20 հազարանոց թղթադրամ, որը նախագահին ուղեկցողներից մեկն էր տվել: «Ես սա չեմ ուզում, ես Սերժ Սարգսյանին բանկում ունեցած իմ 100 հազար ռուբլու համար եմ դիմել»,- ասաց գոշեցի տարեց տղամարդը:
Կարդացեք նաև
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը Ս. Սարգսյանին ներկայացրեց Գոշավանքի անմխիթար վիճակը՝ վանական համալիրը նորոգման կարիք ունի:
Այնուհետեւ Ս. Սարգսյանն ուղեւորվեց Իջեւան: Ճանապարհի եզրին տեղադրված էին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշակներ, հերթապահում էին բազմաթիվ ոստիկաններ, պետավտոտեսչության մեքենաներ: Իջեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եկել էին ոչ միայն իջեւանցիներ, նաեւ Նոյեմբեյանի եւ Բերդի տարածաշրջանների ՀՀԿ անդամ,նաեւ անկուսակցական գյուղապետեր: Նշենք, որ 3 օր հետո նախատեսված է Սերժ Սարգսյանի այցն այդ տարածաշրջաններ: Սերժ Սարգսյանը Իջեւանում խոսեց սահմանամերձ գոտու պաշտպանության ամրապնդման, արտագաղթը կանխելու վերաբերյալ: Նա ասաց, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է զգա պետության աջակցությունը, սակայն նշեց, որ պետությունը պետք է սոցիալական նպաստ տրամադրի միայն նրան, ով ի վիճակի չէ աշխատելու: Ս. Սարգսյանը խոսեց մարդկանց կենցաղային պայմանների բարելավման, համայնքային ծառայությունների ընդլայնման եւ ենթակառուցվածքների, բժշկական ծառայությունների բարելավման մասին:
Նրա ելույթում կոնկրետն այն էր, որ փետրվարի 1-ից ուսանողները առանց գրավի, միայն ծնողների համաձայնությամբ, կարող են ուսանողական երկարաժամկետ վարկեր ստանալ, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիները կստանան անվճար համակարգիչներ: Ս. Սարգսյանը, շեշտելով առաջիկա նախագահական ընտրությունների կարեւորությունը, ներկաներին կոչ արեց մասնակցել դրանց, աջակցել իրեն: Այնուհետեւ նա այցելեց Իջեւանի շախմատի տուն, որտեղ գտնվում է ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության գրասենյակը: Ապա մեկնեց Դիլիջան, ուր այցելեց Կենտրոնական բանկի ուսումնամեթոդական կենտրոն,մասնակցեց «Տավուշ» բժշկական կենտրոնի բացմանը: Վերջինս առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի սեփականությունն է, այն հագեցած է արդիական սարքավորումներով: Ս. Սարգսյանը Դիլիջանում մասնակցեց նաեւ Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի բացմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես ժողովուրդն է ասում,՝ լեզվի տակ փուշ չկա: Ավելի լավ կլինի սս-ի կարգա-
խոսը լինի՝,,Դեպի դրախտային Հայաստան,,: Չգիտեմ ով է ասել, բայց լավ է ասել, որ
ինչքան սուտը մեծ է,՝ այնքան մեծ է հավատալու հավանականությունը: Ուրեմն,՝
անշուուշտ, անշուուշտ, անշուշտ: