Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մարզային հանդիպումների շարքը:
Թեեւ հանդիպումը նախատեսված էր անցկացնել Մեծամորի մշակույթի պալատում, սակայն հավաքված մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ որոշվեց հանդիպումն անցկացնել բացոթյա, հանրահավաքի ձեւով` մշակույթի պալատին հարող հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ խիստ քննադատության ենթարկելով գործող իշխանություններին եւ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Եթե այսպես շարունակվի, ավելանա գործազրկությունը, խորանա աղքատությունը` Հայաստանում մարդ չի մնա. սա մի կործանարար գործընթաց է, որը պետք է միասին, ազգովի կասեցնենք փետրվարի 18-ին»:
Ապա, խոսելով համայնքային խնդիրներից, նա նշեց. «Արմավիրի մարզը եւ, մասնավորաբար, Մեծամորի քաղաքային համայնքը լավ հնարավորություններ ունի խթանելու գյուղատնտեսական հատվածի զարգացումը, մեծացնելու գյուղմթերքների արտադրության ծավալները: Անհրաժեշտ է սուբսիդավորել ոռոգման ջրի գինը 70-80%, որոշ դեպքերում, օրինակ` նոր հողերի յուրացման, բարձրարժեք գյուղատնտեսության վարման, նոր այգիների հիմնան դեպքում անգամ 90%: Անընդունելի է, երբ ջրառատ Հայաստանում գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել այդ բնական բարիքից, եւ այն անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս»,- շեշտեց նախագահի թեկնածուն:
Այնուհետեւ, անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի խնդիրներին, նա նշեց, որ ատոմակայանի անձնակազմը, այդ թվում՝ տեխնիկական աշխատակիցները, պետք է հավասարապես օգտվեն վնասակար արտադրության համար նախատեսված արտոնություններից, ավելին` այդ արտոնությունները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան հիմա են:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանը նաեւ հիշեցրեց, որ «Ժառանգությունն» անընդհատ պետբյուջեում առաջարկ է ներկայացնում Մեծամորի ավագ դպրոցի վերանորոգման վերաբերյալ, սակայն կառավարությունը նույն հետեւողականությամբ մերժում է: Մինչդեռ, թեկնածուի, խոսքով, թե’ Մեծամորի, թե’ երկրի մյուս մարզերի դպրոցները շուտափույթ վերանորոգման եւ անհրաժեշտ կահավորմամբ, սարքավորումներով ու դիդակտիկ նյութերով հագեցման կարիք ունեն:
Վերջում, պատասխանելով ընտրողների հարցերին, Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց կոչ արեց փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրություններին եւ ազատ ու անկաշկանդ քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ