Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Այդ պատվիրակության մեջ ադրբեջանամետ մարդիկ կային»

Հունվար 26,2013 22:37

«Ես տեղյակ չեմ թե Արման Մելիքյանն ի՞նչ է ասել, բայց նրան խորհուրդ կտայի զբաղվել իր քարոզարշավով»,-ասում է ԱԺ նախագահը

«Իրենց վերաբերմունքը սուբյեկտիվ էր, որովհետեւ այդ պատվիրակության մեջ ադրբեջանամետ մարդիկ կային»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմն այդքան բուռն արձագանքեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության`ՀՀ նախագահական ընտրությունների նախնական դիտարկումների առիթով արված զեկույցին :

Հիշեցնենք, որ դիտորդական առաքելության անդամները հայտարարել էին, որ «ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն այն մտահոգված է գործընթացի նկատմամբ հետաքրքրության եւ վստահության համընդհանուր պակասով»: Նաեւ արձանագրել էին, որ. «Ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Դեռեւս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Հիասթափված ենք տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ  Հարությունյանն իր հայտարարության մեջ նշել էր. «Մենք համարում էինք, որ այդ զեկույցում տեղ գտած մեղադրանքները հորինածին են, որոնք չեն պարունակում ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված բացատրությունները, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ-ն հրավիրել է ԵԽԽՎ-ին, որպեսզի իրականացնի հետընտրական առաքելություն ընտրացուցակների ճշգրտման առումով: Սակայն կազմակերպությունը չի ընդունել հրավերը, բայց շարունակում է իր բռնած ուղին՝ ներկայացնել անհիմն մեղադրանքներ՝ կապված ընտրացուցակներ առնչությամբ»: Նա նաեւ հավելել էր, որ զեկույցն արտատպված է տխրահռչակ զեկույցից, որը պատրաստել էր բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորած պատվիրակությունը՝ մայիսին կայացած խորրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Aravot.am-ի հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց, որ միանգամայն կիսում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի բլոգային գրառման առիթով իր կուսակիցների բուռն արձագանքը: Հովիկ Աբրահամյանը եւս համարում է, որ Քեթրին Լիչի քայլը միջամտություն է ՀՀ-ի ներքին գործերին:

Այդ առիթով ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն «Առավոտի» հետ զրույցում նման դիտողություն էր արել. «Ես դա դիտարկում եմ որպես շահագրգիռ տեսակետ արտահայտելու ձեւ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այդ բուռն արձագանքին՝ երբ իշխանությունը գումարներ է մուրում արտերկրում, չե՞ն մտածում, որ դրանով արտերկիրը միջամտում է Հայաստանի ներքին գործերին: Երբ այս իշխանություններին կոչ են անում ժուլիկությամբ չզբաղվել՝ սա հանկարծ վրդովմունք  է առաջացնում: Թող ժուլիկությամբ չզբաղվեն: Այդ դեպքում նման գրառումներ, վստահ եմ, չեն լինի»: Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Ես տեղյակ չեմ թե Արման Մելիքյանն ի՞նչ է ասել, բայց նրան խորհուրդ կտայի զբաղվել իր քարոզարշավով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031