Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյան ու Վովա Գասպարյան, եկեք նայեք հիվանդ բալիս»

Հունվար 26,2013 22:19

Նախկին ոստիկանը, որի տարիների աշխատավարձը դեռ չեն վճարել, համարում է, որ իր երեխայի փրկության միակ հույսը Երուսաղեմ ուխտի գնալն է

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իր անչափաս ՝ 9 ամսական, 2, 6, 11, 12 տարեկան երեխաների հետ որոշել էր այս ամսի 28-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նստադուլ սկսել, քանի որ իր արտաժամյա աշխատանքի դիմաց վճարվելիք 6,5 միլիոն դրամը ոչ մի կերպ չի կարողանում ստանալ, սակայն Ալումյանը մտքափոխվել է, եւ ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ պարզապես վախենում է ներկայիս՝ պայմանագրային զինծառայողի աշխատանքից էլ զրկվի՝ նստացույցի պատճառով:

Ալումյանի 11-ամյա Կարինեն  արդեն 6 անգամ վիրահատվել է եւ այժմ տառապում է հոդերի հիվանդությամբ, սակայն մի շարք բժիշկների դիմելուց հետո էլ երեխայի վիճակը չի թեթեւացել. մասնագետները գլուխ չեն հանում հիվանդությունից:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանի կինը՝ Շուշանիկ Նասիբովան, ասաց, որ Հատուկ քննչական ծառոայությունն էլ հաստատել է, որ Միխթարը 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է պարեկապահակային ծառայությունում եւ իսկապես ոստիկանությունը նրան գումար է պարտք, սակայն անհասկանալի պատճառներով, գործով զբաղվող քննիչը հետաձգում է եւ դատարան չի ներկայացնում փաստաթղթերը: Շուշանիկի ներկայացմամբ՝ իրենց միակ հույսն Աստված է, եւ որոշել են երեխայի բուժման համար ուխտի գնալ Երուսաղեմ, իսկ դրա համար նրանք սպասում են իր աշխատավարձին:

Դիմելով ՀՀ նախագահին եւ ոստիկանապետին՝ ամուսիններն ուղղակի աղաչում են հետեւողական լինել իրենց իսկ կողմից տված խոստմանը. ըստ Շուշանիկի եւ Մխիթարի՝ Սերժ Սարգսյանն անձամբ է խոստացել, որ Միխթարի աշխատած ու վաստակած գումարն անպայման իր երեխաները պիտի վայելեն, այլ ոչ թե՝ «ջրվի գնա»:

Շուշանիկն ասաց. «Պարոն Սերժ Սարգսյան եւ Վովա Գասպարյան, դուք չէք էլ պատկերացնում թե ես ոնց եմ ամեն օր առանձնանում եւ բոլորի աչքերից հեռու երեխայի պես լաց լինում, քանի որ տեսնում եմ, թե ինչպես է բալես օր օրի վատանում, որովհետեւ բժշկությունն այլեւս անզոր է: Միակ հույսներս մեր Տեր Հիսուսն է: Մենք՝ դեռ մեկ տարեկանը չլրացած Արենից սկսած մինչեւ 12-ամյա Գայանես ձեզ խնդրում եւ աղաչում ենք՝  տվեք մեր հավելավճարները, որ Կարինեիս գրկեմ, դնեմ ուսերիս ու բարձրանանք Գողգոթա եւ աղոթենք մեր փրկչին, առողջություն խնդրենք բալիս համար: Մենք որպես ծնողներ այլեւս չենք կարողանում նայել մեր երեխայի աչքերի մեջ, որտեղ լիքը վիշտ ու թախիծ կա: Մենք ամեն անգամ մեռնում ենք նրան նայելով»:

Նախկին ոստիկանն ու նրա կինը ծայրաստիճան հուսահատ են, նրանք ասում են, որ եթե իրենց երեխային մի բան պատահի, ապա դրա համար իրենք առաջին հերթին մեղադրելու են ոստիկանությանն ու այն պաշտոնյաններին, որոնց ապօրինությունների պատճառով Ալումյանը չի կարողանում ստանալ իր 6,5 միլիոն դրամը:

Որպեսզի ծնողների եւ երեխայի վիշտը չթվա միայն ուռճացված ու հուզական պատմություն, ամուսինները կոչ են անում ՀՀ Նախագահին եւ ոստիկանապետին անձամբ այցելել իրենց բնակարան եւ սեփական աչքերով տեսնել ամենը. «Ուզում եմ դիմել Սերժ Սարգսյանին եւ Վովա Գասպարյանին որպես ծնողը՝ ծնողին. իմ երեխան եթե մինչ օրս գոնե հենակներով էր շարժվում, այժմ դա էլ չի կարողանում, օրգանիզմը թուլացել է: Եկեք տեսեք, թե բալես ու մենք ոնց ենք տանջվում, եկեք, տեսնեմ՝ կարո՞ղ եք նայել նրա աչքերի մեջ, ես չեմ էլ համարձակվում նայել նրան: Ես էլ ձեզ պես՝ երեխաներիս համար եմ ապրում ու պայքարում, բայց այսօր որոշ պաշտոնյանների պատճառով ես զրկված եմ վերջին հնարավորությունից՝ ուխտից » :

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանը անցյալ տարի ոստիկանության եւ նախագահականի մոտ բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ նստադուլ, հացադուլ, մինչեւ անգամ ինքնահրկիզման փորձ. Ալումյանը պայքարում էր իր արտաժամյա աշխատանքի վճարները ստանալու  համար, բայց ոստիկանությունից պաշտոնապես մերժում էին, պատճառաբանելով, իբր գրանցամատյանները, որտեղ նշված են աշխատանքի ժամերը, կորել են:

ՀՔԾ-ն էլ արդեն 3 ամիս է հաստատել է, որ Ալումյանն իսկապես արտաժամյա աշխատել է եւ նրա աշխատավարձի պարտքը 6,5 միլիոն դրամ է,եւ հորդորել էին դատական կարգով ստանալ այդ գումարը, սակայն, ըստ Ալումյանի, գործով քննիչը կարծես թե չի էլ շտապում փաստաթղթերը հանձնել համապատասխան մարմին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, եթե այս ամենի մասին իմանա Սերժ Սարգսյանի թոռնիկը, փոքրիկ Սերժը, ի՞նչ կասի
    իր պապիկին: Այլ չսպասի 20-30 տարի հետո ասի, երբ ասելու այլևս բան չլինի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031