Հովիկ Աբրահամյանը` հատուկ կարիքներ ունեցող մարդկանց
Նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համապատասխան օրենսդրական դաշտով և կվերահսկի նաև արդեն իսկ գործող օրենքների իրականացումը: Այս խոստումն այսօր տվեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Այն կլինի իմ անմիջական վերահսկողության ներքո: Դուք գիտեք, ես գործի մարդ եմ: Կարևորն արդյունավետ աշխատանքն է», – ասաց նա:
Նա խոստացավ, որ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված հարցերը անպայման լուծում կգտնեն տեսանելի ժամանակի ընթացքում: «Ես իմ խոստումներն իրականացնում եմ: Համապատասխան մասնագետներ կներգրավենք, ՀԿ-ներին, քաղաքական ուժերին: Ինձ թվում է, որ չի լինի որևէ պատգամավոր, որ հաշմանդամների խնդիրների լուծմանը չփորձի աջակցել», – ասաց նա: Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաեւ հաշմանդամ անձանց իրավունքները պաշտպանող բոլոր ՀԿ-ները՝ մեկական ներկայացուցչով:
ԱԺ նախագահն իր խոսքում ասաց նաեւ, որ ընտրություններից առաջ հաշմանդամների հիմնահարցերի բարձրաձայնումն անթույլատրելի է և նման հանդիպումները պետք է շարունակություն ունենան. «Դա նաև հնարավորություն կտա առաջնային ծախսերի մեջ կողմնորոշվել, և մի գուցե կառավարության որոշել մի ճանապարհ ասֆալտապատելու փոխարեն նպատակաուղղել ֆինանսական միջոցները կոնկրետ խնդրի լուծմանը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ