Թամար Հակոբյանը ամեն տարի սիրով ու լավ հիշողություններով է մասնակցում Սուրբ Սարգսի տոնին: «Էս իմ ամենասիրած տոնն ա, միշտ էլ սպասում եմ, ու արդեն քանի տարի ա, միշտ էլ գալիս ենք եկեղեցի: Հիմա մի քիչ մեծ ենք, բայց տղես է բերում, պիտի միշտ էլ գամ, մինչև մեռնելս»,- ասում է 70-ամյա տատիկը:
Թամար տատը հիշում է, որ շատ տարիներ առաջ հենց Սուրբ Սարգսի հովանավորությամբ է տեսել ամուսնուն` Ժորա Հակոբյանին: «Մենք տանը հինգ քույր էինք, տատս էլ` անմարդ կնիկ, ու ավանդույթով, որ անմարդ կինը պիտի աղի բլիթ թխի, ամեն տարի պարտադիր թխում էր: Ես էլ 19 տարեկանում կերա աղի բլիթ ու առավոտյան պատմեցի, որ մի անծանոթ մարդու եմ տեսել: Տատս ասեց` քո բախտը բացվեց»,- պատմում է Թամար տատը, իսկ երբ աշնանը եկել են իրեն ուզելու, տեսել է, որ Ժորա պապը հենց նույն իրեն ջուր տվող տղան է, ու համաձայնել է ամուսնանալ:
Հիմա էլ, տարիներ անց, անտեսելով որոշ ավանդույթներ, Թամար տատն է ամեն տոնի աղի բլիթ պատրաստում իր չորս թոռների համար` հիշելով հնում տարածված հայտնի արտահայտությունը. «Էհ, Սուրբ Սարգիս, մեզ բարի կարգիս»:
Ավանդույթներն իրականում այդքան էլ երկար պատմություն չունեն, ինչպես ընդունված է մտածել, դրանք ստեղծվում և հաջորդ սերունդներին են փոխանցվում այն ժամանակ, երբ այն մարդիկ, ովքեր դրանք հորինել են, վերացման վտանգի առաջ են: Ուսումնասիրողները վստահ են, որ ամենահին ավանդույթները ընդամենը 200 տարվա պատմություն ունեն, որոնք էլ հիմնականում կրոնական ծեսերի ու արարողությունների հետ են կապված:
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ աշխարհում որպես սիրո տոն նշում են Սուրբ Վալենտինի տոնը, կաթոլիկ հոգևորականին «մրցակից»` Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի տնօրինությամբ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվեց երիտասարդության օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին:
Երիտասարդների արագահաս բարեխոսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով ու աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով, որոնցից մեկն էլ կապված է աղի բլիթի ու փոխինձի հետ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ճաշակում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը: Հիշելի սովորություններից է նաև փոխինձով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը:
«Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ նա իրենց աղոթքները հասցնի առ Աստված, քանի որ Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբն է»,- ասում է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ: