«Մտահղացումը վաղուց կար, մենք իսկապես ցանկանում էինք երեխաների համար նման միջոցառում կազմակերպել: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց AP cinema կինոընկերության Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Մեսրոպյանը:
Այսօր «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի ցուցադրությունն էր, որին ներկա էին «Օրրան» երեխաների պաշտպանության բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները եւ ցերեկային կենտրոնի երեխաները:
Հրաչյա Մեսրոպյանի պնդմամբ, ֆիլմը ուսուցողական բնույթ ունի, այն ընտանեկան է ու բարի. «Մենք կարեւորում ենք մանկատան եւ կարիքում գտնվող մարդկանց ցանկությունները եւ ուշադրություն ենք դարձնում: Կանխատեսել ենք, որ երեխաները կհուզվեն, սակայն հաճելի հուզմունքը ցանկալի է»:
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը «Մայրեր» սիրված ֆիլմի շարունակությունն է, որը նկարահանվել է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: Ֆիլմը բաղկացած է 5 նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր՝ Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչեւ, Կլիմ Պոպլավսկի: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր եւ երեխայի՝ երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:
«Օրրան» ցերեկային կենտրոնի սաներից 14 տարեկան Մոնիկա Բարսեղյանի խոսքով, երբ բոլոր երեխաներն իրենց ծնողների ու հատկապես մայրերի հանդեպ սիրով լցված լինեն, դա ուղղակի հրաշք կլինի.
«Շատ ուրախ եմ, որ կազմակերպվել է նման միջոցառում, կուզենայի, որ հաճախակի լիներ: Ինձ ֆիլմում ամենաշատը գրավվեց Ալեն Դելոնի հետ հերոսներից մեկի հանդիպումը, դա ամենահուզիչ պահն էր»:
«Օրրան» ցերեկային կենտրոնի մանկավարժ Լիանա Բարեղամյանի համոզմամբ, հաճախ չէ, որ երեխաներին նման հնարավորություն է ընձեռվում. «Ֆիլմը իսկապես լավն էր, ուսուցողական ու զգացմունքային: Տեսարանները հետաքրքիր էին եւ զվարճալի, ավելորդություններ չկային»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ