Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններին չեն հետաքրքրում ընտրողների վեց տոկոս ձայները

Հունվար 26,2013 18:21

Հատուկ կարիքավոր մարդիկ ընտրել չեն կարողանում

 «Դե թող մի հազար ձայն էլ խախտվի»,- տարիներ առաջ այսպիսի պատասխան էր տվել մտավոր արատներ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպության ղեկավար Արփինե Աբրահամյանի բարձրացրած խնդիրներին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Ավետյանը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցում հատուկ կարիք ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներն իրենց մտահոգութուները կիսեցին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Արփինե Աբրահամյանը տեղեկացրեց, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հաճախ նույնացնում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ինչը շատ սխալ է: Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հետ թույլ չեն տալիս, որ այլ մարդ մտնի  ընտրության, արդյունքում տվյալ մարդն ուղղակի զրկվում է ընտրության իրավունքից:

Ի դեպ, ընտրելու իրավունք ունեցող հատուկ կարիքավոր մարդիկ կազմում են ընտրողների վեց տոկոսը: Ներկաները պատմեցին, որ տարբեր առիթներով դիմել են կուսակցություններին, որոնց արձագանքից այդքան էլ բավարարված չեն: Շատերը նամակով պատասխանել են, որ համամիտ են բաձրացված հարցերի հետ, սակայն ընդառաջ չեն գնացել: Գործնական արձագանքել է ՀՀԿ-ն: Հորդորեցին, որ հանդիպումները ընտրությունից ընտրություն չլինեն:

Ներկաներին հուզում էին նաեւ հատուկ կարիքավոր մարդկանց ընտրատեղամասեր, ԿԸՀ մուտք գործելու հնարավորությունները, աշխատանքի տեղավորման հարցը: Առաջարկ հնչեց գոնե ժամանակավորապես վերականգնել շրջիկ քվեատուփերի ինստիտուտը: Խոսվեց նաեւ թեկնածուների ծրագրերի սուրդոթարգմանության անհրաժեշտութան, ինչպես նաեւ հատուկ կարիքավոր մարդկանց տեղաշարժի խնդիրների մասին: Դրական գնահատվեց, որ Սերժ Սարգսյանի ծրագիրն աուդիո տարբերակով էլ կա:

«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Ասատրյանը կարեւորեց պարաօլիպիկ սպորտի զարգացումը, ասաց, որ ունենք մարզիկներ, որոնց կարող ենք միջազգային ասպարեզ հանել եւ այդպիսով էլ Հայաստանը ներկայացնել: Նա օրինակ բերեց հարեւան Ադրբեջանին, որտեղ հաշմանդամային սպորտի զարգացման համար տարեկան 14 միլիոն դոլար է ծախսվում: Մինչդեռ մեր երկրում այդ թիվը կազմում է ինը միլիոն դրամ, այն էլ բաժանվում է չորս կազմակերպությունների միջեւ, ինչն էլ անարդյունավետ է դարձնում դրանց ծախսումը: 2013-ի բյուջեով առաջարկվել էր 25 միլիոն դրամ տրամադրել, բայց պատկան նախարարությունը մերժել էր: «Փյունիկի» ղեկավարը դա պայմանավորում է սպորտի կուսակցականացմամբ: Իր պատասխան խոսքում ԱԺ նախագահն ասաց, որ նման միտում չի տեսել:

Հարց բարձրացվեց մարզերում բնակվող հաշմանդամների խնդիրներին առավել մեծ ուշադրություն դարձնելու մասին, քանի որ ի տարբերություն մայրաքաղաքաբնակների, նրանց խնդիրներն առավել շատ են: Կարեւորվեց նոր օրենքի ընդունումը, որն այժմ քննակվում է կառավարությունում, եւ որտեղ, նշված խնդիրներից շատերին լուծում է առաջարկվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031