Երիտասարդները սուրբ Հովհաննես եկեղեցուց քայլեցին մինչ Սիրահարների այգի
Այսօր Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցուց մի շարք հասարակական-երիտասարդական կառույցների անդամների, հոգեւորականների, թմբուկահարների եւ ձիավորի մասնակցությամբ մեկնարկեց սուրբ Սարգսի տոնին նվիրված խաչերթ` դեպի սիրահարների այգի: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգեւոր միությունը` հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա խաչատրյանի գլխավորությամբ:
Aravot.am-ի զրույցում Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը նշեց, որ խաչերթը քարոզի տեսակ է, երբ մասնակից քրիտոնյաները բարձրաձայնում են իրենց հավատքի մասին, ինչպես դա անում էր սուրբ Սարգիսը. «Նա չէր ամաչում այդ փաստից, հպարտ էր դրանով եւ հանուն հավատքի զոհաբերեց իր կյանքը: Բացի սիրահարների բարեխոս լինելուց, սուրբ Սարգիսը եկեղեցու առաջին նահատակ սրբերից է. մարդ, ով իր կենսակերպը դարձրեց քրիստոնեությունը եւ դրանով իմաստավորեց իր կյանքը: Կարծում եմ` այսօր ոչ մեկ մեզանից չի պահանջում նահատակվել հանուն քրիստոնեության, բայց երբ հրապարակավ հայտարարում ես, որ հայ քրիստոնյա ես, ամրանում ես քո հավատքի մեջ: Բացի այդ, տվյալ քայլը մյուսներին էլ կարող է դարձի բերել դեպի Աստված»: Հոգեւորականի խոսքով. «Երբ երիտասարդները ցանկանում են ընկալել տոնի խորհուրդը, սկսում են հետաքրքրվել եւ իմանալ անհրաժեշտը: Իսկ մարդիկ, ովքեր հետաքրքրված են միայն աղաբլիթով եւ ուրիշ բան չեն ցանկանում լսել, այդպես են դիտում տոնը: Բայց տոնը միայն աղաբլիթը չէ, այն ունի սիրո, հավատքի, նվիրումի, օգնության ձեռք մեկնելու նշանակություն: Այսինքն, եթե մեկը ցանկանա իր անձը տեսնել քրիստոնեության մեջ, կարող է դա անել»:
Մեզ հետ զրույցում Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) կենտրոնական գրասենյակի տնօրեն, ԱՀԹ «Արարատ» հոգեւոր միության ատենապետ Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ խաչերթը նաեւ խորհրդանշում է դեպի Սիրահարների այգի միասնական առաջնորդվելու գաղափարը. «Երթին մասնակցում են նաեւ զույգեր, ինչը նշանակում է, որ մենք` հայերս, վերադառնում ենք մեր ավանդությանը, որովհետեւ սուրբ Սարգսի տոնն ազգային է»: Գեւորգ Մկրտչյանը նաեւ ասաց, որ երթին մասնակցում են տարբեր հասարակական կառույցների, այդ թվում` ՀԵՀԵԿ-ի, «Երիտասարդություն» հ/կ-ի, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Խաչերթի ավարտին մասնակիցները ներկա գտնվեցին Սիրահարների այգում կազմակերպված տոնական-համերգային ծրագրին, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ տոնի առթիվ այսօր սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց պատարագ :
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ