Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրովցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի մասնակիցների գործերը:
Շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ վարչապետը նշել է. «Շատերը հիշում են, որ տարիներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ փորձ արվեց Սուրբ Սարգսի տոնը դարձնել ավանդական: Տարեցտարի այս տոնն ավելի մեծ շուքով է նշվում Հայաստանի Հանրապետությունում և ավելի մեծ զանգվածներ են ներգրավվում այս տոնակատարությանը: Ուրախ եմ, որ Սուրբ Սարգսի տոնը որպես ազգային ավանդույթ վերականգնվում է և լայն տարածում գտնում Հայաստանում»:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը, որում ևս նշվել է երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը: Միջոցառումը, որին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ երիտասարդներ, անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ