Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա ձմեռ ու Սուրբ Սարգսի տոն` «Մայր Հայաստան» հուշահամալիրում (ֆոտոշարք)

Հունվար 26,2013 16:24

Շիրակցիները  Սուրբ Սարգիսին երկրպագեցին ճոխ սեղաններով,  բեմադրություններով, համերգներով  ու խարույկով

Այսօր Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների ֆինանսավորմամբ  «Մայր Հայաստան»   հուշահամալիրում կազմակերպվել էր  Գյումրու ձմեռն ու Սուրբ Սարգիսի տոնը: Հատկապես մեծ պատրաստություն էին տեսել Շիրակի մարզի դպրոցների տնօրենները, որոնք մրցակցության մեջ էին թե Սուրբ Սարգսի պատվին գցած սեղանների ճոխությամբ, թե  բեմադրություններով, գեղանկարների ցուցադրությամբ:  Վերջիններս  ջանք ու եռանդ չէին խնայել «Մայր Հայաստան» հուշահամալիրում Գյումրվա կոլորիտը ստեղծելու.  մի կողմից լարախաղացն էր իր մոտ հրավիրում, մյուս կողմում` բեղերով , թասիբով  գյումրեցու կերպարի մեջ մտած  դպրոցահասակներն էին  սեղան նստում, կենաց ասում  ու Սուրբ Սարգիսից  իրենց քաղաքի համար սեր ու բերեկեցություն խնդրում, անգամ  «շաբաշ» էին տալիս  Սրբի պատվին:

Մի խոսքով , այսօր Շիրակի մարզի ազգաբնակչության մեծ մասը  «Մայր Հայաստան»-ում   էր: Ներկա էին մարզպետարանի բոլոր պաշտոնյաները,  Գյումրու քաղաքային իշխանությունը`իր ամբողջ  անձնակազմով և Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որի Սուրբ Սարգիսին նվիրված ինքնատիպ ելույթին հաջորդեց   ձիավորների մուտքը հուշահամալիր:

Շիրակի մարզպետարանի կրթության  վարչության պետ Սահակ Մինասյանի մոտավոր հաշվարկներով,  մոտ 10 հազար մարդ  էր մասնակցում  այս միջոցառմանը: «Այսօր ամեն ինչ արվել է, որ   լիարժեք հանգիստ և  տոնակատարություն  ստացվի. տարբեր ձմեռային խաղեր են կազմակերպված, տարբեր պայքարային  ձմեռային մարզաձևեր, երեխաների ձնագունդ, տարբեր զվարճանքներ: Միջոցառումը կազմակերպվել է մարզպետարանի ու քաղաքապետարանի անմիջական ֆինանսավորմամբ, պետական բյուջեից միջոցներ հատկացված են Սուրբ Սարգիս տոնակատարաության համար»,-ասաց կրթության վարչության պետը: Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված են  մրցույթներ  «Լավագույն բլիթներ Սուրբ Սարգսի նալի հետքով», «Լավագույն սեղան»,  պարանի ձգում, շախմատ: Ըստ Սահակ Մինասյանի,  Շիրակի ձմեռը կտոնվի փետրվարի 9-ին Գյումրի-Աշոցք ճանապարհին, իսկ ավելի կոնկրետ  Թորոս գյուղում: Ըստ մեր տեղեկությունների, այդ օր ամենայն հավանականությամբ,  կմասնակցի նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ով կգա Շիրակի մարզ`քարոզի:

Սահակ Մինասյանի ներկայացմամբ, այդ օրը ևս նախատեսված են զանգվածային միջոցառումներ, տոնախմբություն, որին կմասնակցեն  հյուսիսային  շրջանի գյուղական համայնքի բնակիչներն ու պրոֆեսիոնալ սպորտսմենները, քանի որ  տեղանքը հատուկ ընտրված է ձմեռային մարզաձևերի համար: Նշենք, որ այսօր  որոշ դպրոցների տնօրեններ առիթը բաց չէի թողել Սուրբ Սարգիսի տոնը քաղաքականացնելու, քանի  որ մեծ թվով ծնողներ ևս մասնակցում էին այս տոնախմբությանը, վրաններից մեկի  վրա  խփել էին Սերժ Սարգսյանի կարգախոսը`« Դեպի ապահով Հայաստան», իսկ նրանք, ովքեր խուսափել էին իրենց սեղանի մոտ քաղաքական քարոզ հնչեցնելու, քարոզի ավելի խորամանկ ձև էին գտել.  նախագահի կարգախոսը դրել էին Սուրբ Սարգիսի ցանկությունների բացիկների մեջ: Բացելով ` ընթերցում էիր `« Դեպի ապահով Հայաստան»: Իհարկե,    ոչ բոլոր դպրոցների տնօրեններն էին քարոզի մեջ մտել, այսպես  վարվել էին մեկ-երկու թունդ Հանրապետակններ, որոնք առիթը բաց չէին թողել Սուրբ Սարգսի հետ համատեղ իրենց կուսակցության առաջնորդին  մեծարելու:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031