Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներես, եթե կարող ես, ու եղիր երջանիկ». Նամակ` ընթերցողից

Հունվար 26,2013 15:36

«Առավոտ երիտասարդականը» հավատարիմ ու կամեցող ընկերոջ պես միշտ օգնել է երիտասարդներին՝ շնորհավորանքներ, սիրո խոստովանություններ ու շնորհակալական խոսքեր հղել սիրելիին: Այս անգամ էլ ներկայացնում ենք մի նամակ, որը գրել է 23-ամյա Մանե Գրիգորյանը: Թե ում է ուղղված այն, Մանեն չցանկացավ նշել, բայց նամակի միջոցով նա փորձել է ներողություն խնդրել մեզ համար անհայտ տղայից:

Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման:

Հիշում եմ՝ փոքր ժամանակ վազում էիր երեխաների ետևից՝ ձեռքիդ փոքր դանակ կար, վազում էիր ու վախեցնում ՝ ասա պառոլը, թե չէ կխփեմ…ասա պառոլը…ասա պառոլը…այսինքն` ես էդպես եմ հիշում ու հիմա ինչ ուզում ես, արա, միևնույն է, չեմ հավատա, որ քո ձեռքին դանակ չկար …ու քո ժպիտն եմ հիշում մի տեսակ կիսամանկական ու հաղթող:

Քո հաղթող ժպիտը:

Ես չգիտեմ այս պատմության մեջ կա՞ն արդյոք հաղթողներ կամ պարտվածներ, ու երևի թե ամեն ինչ սկսվելու պահից մի տեսակ պարտված էր, ու հենց պարտության մեջ էլ  սկսեցինք երկար խոսել, երկար լռել, երկար քայլել ու երկար համբուրվել….ես սկսեցի խոսել իմ սիրած գրքերից, ու ոնց է գիրքը հոսում, հալվում, փոքրանում ու կուչ գալիս ու անսպասելի պայթում իմ մեջ…ոնց եմ բառերը նշում, որ հետո նորից ամեն բառի հետ զգամ գրքի պայթելը : Ես երևի սովոր չէի այլ ընկերակցության… ես երևի մենակ ինձ էի սովոր, ու գրքերի տղամարդիկ ու կանայք, երեխաներն ու ծերերը, մոլագարներն ու բարեպաշտները… բոլորը էնքան սահուն էին ներծծվել իմ մեջ, որ ես  չէի նկատում նրանց….դու սկսեցիր գրքեր կարդալ, երևի ուզում էիր հասկանալ ինձ, որովհետև ես էի խնդրել, ասել, որ անպայման կարդաս…որովհետև այգում մեռնող իմ տղամարդը գրքեր էր կարդում… որովհետև ես բանաստեղծություններ էի գրում գրքեր կարդացող տղամարդու մասին, ով բալենու ծառի տակ մեռնում էր ու մոտ էր Աստծուն….

Ես եսասիրաբար ուզում էի քեզնից կերտել իմ այգու տղամարդուն, ես չէի տեսնում քեզ:

Ես երկար-բարակ խոսում էի, պատմում ծաղկավոր շորեր հագած աղջկանից, ում անսպասելի տեսա փողոցում, երբ գալիս էի քեզ ընդառաջ…ես երևի երբեք քեզ չեկա ընդառաջ…

Մոսկվա կինոթատրոնում ենք: Աթոռը շարժվում է, ես ամեն անգամ վեր եմ թռնում, երբ կացինավորը մոտենում է, ես գրեթե հավատացել եմ, որ սա իրականություն է, որ ահա մի քիչ էլ ու գրողը տանի ես կընկնեմ, ուր ինքս էլ չգիտեմ…ու էդ ժամանակ միակ փրկությունը քո ձեռքն էր՝  քո տաք ու հարազատ ձեռքը, որը սահում էր ձեռքերիս վրայով, մազերիս միջով, շոյում էր պարանոցիս երակները:

Ասացիր, որ թռնենք օդապարիկով: Հիմա պատկերացնում եմ, որքան գեղեցիկ կլինեիր թռիչքի մեջ… ես երևի մի քիչ ահաբեկված կլինեի, որովհետև թռչել սովոր եմ միայն իմ մանկության ու հատկապես իմ բանաստեղծության Պիտեր Պենի հետ, որ վաղուց արդեն լավ տղա չէ…ու դեղնած, դեղնած փետուր ունի գլխարկին…

…դու էնքան սիրուն էիր խոսում ապագայից, որ ես սովորեցի քեզ տեսնել իմ կողքին վաղվա մեջ…դու ինձ հեքիաթ էիր կարդում, ու հիմա եթե սպանեն էլ չեմ հիշի ինչի մասին… հիշում եմ հետո հարցրեցի՝ ի՞նչ էր անունը, տղայի անունը ի՞նչ էր: Դու ասացիր… իսկ, տես, ես հիմա նորից մոռացել եմ…

Կարմիր նստարանին նստած՝ մոտ քեզ ու հեռու… ես մի հավիտենություն էդպես կնստեի, որովհետև քո հետ գիշերը խաղաղ էր ու սիրուն:

Ամեն գիշեր ես նորից հիշում էի , որ ինքս ինձ հետ չեմ, ու դու էլ  այգու տղամարդը չես… ես գրում էի վերջ մեր մեջ, տարբեր ենք, կներես, վերջ, չէի ուզում, վերջ… դու զանգում էիր, իսկ ես լացում էի, ուզում էի չդնեիր հեռախոսը, որովհետև վախենում էի կորցնել այն, ինչ իմը չէր…իսկ դու ներող ու սիրող տղամարդ էիր ու ասում էիր, որ կարևորը ես երջանիկ լինեմ, որ սիրում ես ինձ, որ մնացածը պետք է լինի իմ անիծյալ սրտի թելադրանքով…շշնջում էիր` սիրում եմ, սիրում եմ ու դնում հեռախոսը…առավոտյան ես նորից զանգում էի ու ասում, որ ներես ինձ, որ ես ինքս էլ ինձնից բան չեմ հասկանում…հետո նորից գալիս էր գիշերը, ու ես նորից հիշում էի այգիիիիին, իմ տղամարդուն…իսկ առավոտը …առավոտը նորից սպանում էր այգին…

Ես չէի հարմարվում քեզ, բայց և չէի կարողանում հրաժարվել քեզանից…մի օր գիշերը հաղթեց… ես երևի պետք է գրկեմ ծառը ու տղամարդուս ու միասին ձայնը գլուխը գցած մենք պետք է գիրք կարդանք… ու դա կլինի աշխարհի ամենատխուր գիրքը…

Ես մինչև հիմա հիշում եմ ձեռքերդ, սրտիդ աշխատանքն ու երկար-ծանր լռությունը…էսօր ֆեյսբուքով քո նամակներից հետո հասկացա՝ ինչքան անողոքաբար եմ սպանել էն, ինչ եղել է ու երևի ցավեցրել եմ քեզ… որովհետև թեպետ ես անճոռնի բադ էի ու երբեք կարապ չդարձա, բայց դու գոնե մեկ անգամ չակնարկեցիր երկար վզով այդ գեղեցիկ թռչունների մասին…

Կներես, եթե կարող ես, ու եղիր երջանիկ:

Նամակը «փոխանցեց»՝  Տիգրանուհի Թասլակյան :)

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031