Հայտնի է U2-ի հաջորդ ձայնասկավառակի աշխատանքային անվանումը
Իռլանդական լեգենդար U2-ն շարունակում է աշխատել նոր ձայնասկավառակի վրա, որը կդառնա խմբի 13-րդ ալբոմը: Վերջին տարիների դադարներից ու փոփոխական ակտիվությունից հետո խումբը, երգիչ Բոնոյի (Bono) խոսքերով, «լավ մարզավիճակում է» եւ նոր ալբոմի համար երգեր է ձայնագրում: Այնուամենայնիվ, սկավառակը լույս կտեսնի միայն այն ժամանակ, երբ այն ամբողջապես պատրաստ կլինի: «Այս պահին U2-ն պարզապես այրվում է այդ մտքից եւ իսկապես ցանկանում է նոր ձայնագրություն անել: Ու նրանց համար միեւնույն է, եթե դրա համար հարկավոր կլինի 10 տարի, նրանց համար միեւնույն է, թե դա երբ տեղի կունենա, մենք ուղղակի ուզում ենք ամեն ինչ ճիշտ անել: Խմբի ներսում մենք այն անվանում ենք 10 Reasons to Exist (10 պատճառ՝ գոյություն ունենալու համար)», – The Sun-ին տված հարցազրույցում ասել է Բոնոն: Նա, սակայն, ավելացրել է, որ խումբը քննարկում է «առնվազն վեց» աշխատանքային անվանումներ:
2011-ի վերջին U2-ն երեք ամիս անցկացրեց ստուդիայում եւ դադարեցրեց աշխատանքները միայն այն ժամանակ, երբ Բոնոն հիվանդացավ գրիպով: Նոր ալբոմի աշխատանքային անվանումը, հավանաբար, անդրադարձ է այն պատճառներին, որոնք պահում են խումբը միասին արդեն 36 տարի: U2-ի նախորդ ձայնասկավառակը՝ No Line on the Horizon-ը, որը գլխավորեց չարտերն ամբողջ աշխարհում եւ վաճառվեց ավելի քան 5 միլիոն քանակով, լույս էր տեսել 2009-ին: Այն ժամանակ Բոնոն կանխատեսել էր, որ դրան հաջորդող սկավառակը լույս կտեսնի մեկ տարվա ընթացքում: Բայց այն անընդհատ հետաձգվում էր: Հունվարին իռլանդական RTE-ին տված իր հարցազրույցում խմբի հարվածահար Լարի Մուլենը (Larry Mullen) եւս անդրադարձավ նոր ձայնասկավառակին: «Ես կարծում եմ, որ մենք կվերջացնենք աշխատանքներն ամռանը եւ, հույս ունեմ, այն կթողարկենք մինչեւ սեպտեմբեր»,- ասել է Մուլենը: Նաեւ հավելել էր. «Հույս ունեմ, մենք ի վիճակի կլինենք թողարկել այս տարվա սեպտեմբերին ու դրանից հետո կարճ ժամանակահատվածում եւս մի բան թողարկել: Մենք աշխատում ենք պրոդյուսեր Բրայան Բարթոնի (Brian Burton) հետ՝ Danger Mouse-ից: Վերջին տարիներին մենք հիմնականում աշխատում էինք Իռլանդիայում, ինչը հրաշալի է, մենք երկար ժամանակ այստեղ ենք անցկացրել: Աստեղ շատ երաժշտություն կա, որը հրաշալի է»: Անցած հուլիսին դուբլինյան այս քառյակի բրիտանական լեյբլը՝ Mercury Records-ը, Twitter-ի միջոցով հաստատել էր, որ U2-ի նոր ձայնասկավառակը նախատեսված է 2013-ին: Դրանից մեկ ամիս առաջ Բոնոն հանդես էր եկել իռլանդական հեռուստատեսությամբ ու պատմել էր խմբի՝ ձայնագրման աշխատանքների մասին. «Մենք անցկացրել ենք լավագույն երեք շաբաթները ստուդիայում 1979-ից ի վեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ խումբը գիտեր, որ ինչ-որ նշանակալի բան պետք է աներ 13 երջանիկ թվի համար: «Կարծում եմ, խմբի մյուս անդամները շատ լավ գիտակցում են, որ U2-ն պետք է շատ հատուկ մի բան անի հիմա, որպեսզի գոյություն ունենալու պատճառ ունենա»,-հայտնել է Բոնոն:
2011-ին U2-ն ավարտեց 360՛ Tour շրջագայությունը, որը Billboard-ն անվանեց բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր շրջագայությունը: Այն տեւեց գրեթե 2 տարի եւ միայն տոմսերի վաճառքից կազմակերպիչներին բերեց 736 միլիոն ԱՄՆ դոլար: Համաշխարհային այս շրջագայության ժամանակ խումբը նվագեց Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում գտնվող Rose Bowl ստադիոնում՝ շուրջ 100000 հանդիսատեսի համար: Այն նկարահանվել էր 360՛ at the Rose Bowl համերգային տեսաֆիլմի համար, որը լույս էր տեսել 2010-ի հունիսին:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ