Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ մրցանակ՝ հայ գրող-թարգմանչին

Հունվար 26,2013 14:32

«Ոսկե Դելվիգ» ամենամյա գրական մրցանակաբաշխությունն առաջին անգամ անդրադարձել է ոչ ռուսաստանցու

Մոսկովյան «Ոսկե Դելվիգ» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է «Լիտերատուրնայա գազետա» հայտնի պարբերականի 175-ամյակի կապակցությամբ՝ 2005-ին եւ նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել թերթի առաջին խմբագրին՝ Անտոն Դելվիգին ու պահպանել հայրենական գրականության ոլորտում գեղարվեստական ու քաղաքացիական ավանդույթները: Ոսկե, արծաթե «Դելվիգները» եւ շուրջ 10 անվանակարգերում (արձակ, պոեզիա, մանկական գրականություն, թարգմանություն, հրապարակախոսություն, գրականագիտություն, հումոր եւ այլն) նախատեսված մրցանակները հանձնվում են ժամանակակից ռուս գրականության առավել վառ եւ արտահայտիչ ստեղծագործություններին, որոնք տարվա ընթացքում տեղ են գտել «Լիտերատուրնայա գազետայի» էջերում կամ հրատարակվել Ռուսաստանում:

Առաջին անգամ հիշյալ պարբերականի խմբագրակազմը եւ «Լիտերատուրնայա գազետա» հրատարակչական տան տնօրինությունը ուշադրության են արժանացրել ՌԴ-ից դուրս, այս դեպքում՝ Հայաստանում ստեղծագործողի՝ գրող-թարգմանիչ Լիա Իվանյանի «Փոխակերպումներ» գրքին շնորհելով հատուկ մրցանակ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած դերի համար: Լ. Իվանյանը հեղինակ է 10 գրքի: Նրա «Փոխակերպումներ» վիպակն ու «Դավաճանություն» պատմվածքների ժողովածուն ռուսերեն 2012թ. հրատարակվել են Սանկտ Պետերբուրգում: Մեր ընթերցողին արվեստագետը ներկայացել է Դոստոեւսկու «Բոբոկը», Կուպրինի «Բանադրանք» պատմվածքների, Յուրի Պոլյակովի «Ուլիկը կաթի մեջ», «Սնկերի արքան» վեպերի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պիտեր Աբրահամի «Պիտեր Աբրահամի կղզին այսօր» վիպակի հայերեն թարգմանություններով:

Կապվեցինք Մոսկվայում գտնվող Լիա Իվանյանի հետ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Մոսկվայի, ինչպես նաեւ ՌԴ այլ ԶԼՄ-ների ուշադրության կենտրունում էր «Ոսկե Դելվիգ» մրցանակաբաշխությունը: OPT եւ «Կուլտուրա» հեռուստաալիքներով պատրաստվում են հաղորդումներ, որի մասնակիցը կլինի նաեւ ինքը: Ռեպլիկին՝ ինչո՞ւ իր երկերից որեւէ մեկը չի արժանացել ՀՀ գրողների միության ուշադրությանը, Լիա Իվանյանի պատասխանը հակիրճ էր՝ «Հայաստանի գրողների միության անդամ չեմ»:

Կապվեցինք դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու «Լիտերատուրնայա գազետայի» օրինակով, 1932-ից լույս տեսնող իր ղեկավարած պարբերականը, որ խորհրդային տարիներին սահմանել էր մրցանակներ «Արձակ», «Չափածո» եւ «Հրապարակախոսական հոդված» անվանակարգերում, դադարեցրել է գործունեությունը այս «մասով»: «Շուրջ մեկ տարի է՝ ինչ ղեկավարում եմ «Գրական թերթի» աշխատանքները եւ զբաղված եմ միջոցներ հայթայթելով, որ 21-րդ դարի 2-րդ տասնամյակում մեզանում եւ սփյուռքում հայտնի այս պարբերականը վերջապես ունենա կայք,- նշեց տիկին Խոդիկյանը, հավելելով,- դեռեւս անցյալ տարի կայքի ստեղծման առիթով էլեկտրոնային բաժանորդագիրներին դիմեց «Գրական թերթի» Լոս Անջելեսի մասնաճյուղի նախագահ Գրիշ Դավթյանը: Եղան արձագանքներ, եւ կայքի շնորհանդեսը նախատեսված է այս գարնանը: Կայքի գլխավոր էջում կտեղադրվեն բոլոր նվիրատուների անուն-ազգանունները եւ յուրաքանչյուրի ներդրած գումարի չափը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031